17.04.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀԻՇԱՐԺԱՆ ՏՈՆԵՐԻՑ ԱՌԱՋ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Առաջիկա հիշարժան իրադարձությունների նախապատրաստման ընթացքն  է ապրիլի 16-ին քննարկվել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված  աշխատանքային խորհրդակցությունում, որին հրավիրված էին քաղաքապետարանի պատասխանատուներ, Ստեփանակերտի ընկերությունների և հիմնարկությունների ղեկավարներ: 

Հաշված օրեր են մնում Մայիսյան եռատոնին: Եվ մայրաքաղաքը եռանդով նախապատրաստվում է մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող այդ բացառիկ տոնակատարությանը:

Ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ հաստատված է Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ծրագիրը և միջոցառումների համակարգման նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Դեռ շաբաթներ առաջ են մեկնարկել  Ստեփանակերտի հուշահամալիրի, մայրաքաղաքի փողոցների ու բակերի սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման, ինչպես նաև տոնական ձևավորման աշխատանքները: Ամենուր աչք են շոյում եռատոնը խորհրդանշող պաստառներն ու գովազդային վահանակները, պետական դրոշները, հաճելի տպավորություն են թողնում խնամքով մշակված կանաչ պուրակներն ու սիզամարգերը: Ասել է թե` Ստեփանակերտն օրեցօր ավելի է գեղեցկանում ու տոնական տեսք ստանում:

Ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում մայրաքաղաքում  արդյունավետ աշխատանքներ են նախատեսվում փողոցների, հրապարակների, մայթերի մաքրման, ինչպես նաև` հուշարձանների լվացման ուղղությամբ: Քաղաքապետի որոշման համաձայն, ապրիլի 20-ին Ստեփանակերտում նախատեսված է համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնել: Եվ խորհրդակցությունում  մանրամասն քննարկվեցին ու  ճշգրտվեցին բարեկարգման, կանաչապատման և սանիտարական մաքրման հետ կապված հարցերը, տրվեցին մի շարք հանձնարարություններ:

Հանդիպմանն ընդգծվեց նաև ավանդական Սուրբ Զատիկի տոնը մայրաքաղաքում արժանապատվորեն նշելու անհրաժեշտությունը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն