11.04.2019   ԿԱՅԱՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ 6 ԴՊՐՈՑԸ ԿԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

 

Ապրիլի 11-ին քաղքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ստեփանակերտի  քաղաքային համայնքի ավագանու նիստը, որում ներառված հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:

Ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդումը, որով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը: Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայքի 2016թ. 1-ին եռամսյակի ընդհանուր մուտքերը կազմել են 272521.4 հազ.դրամ` պլանավորված 306955.3 հազ.դրամի դիմաց: Ընդհանուր մուտքերի 36.5%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 83127.3 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 99521.4 հազ.դրամ /կատարողականը կազմել է 119.7%/: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը  նախատեսված 21250.0 հազ.դրամի փոխարեն կազմել են 26973.4 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 2226.6 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 38336.0 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 34680.0 հազ.դրամի 110.5 %-ը: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 13763.0 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 11922 հազ.դրամի 115.4%-ը /պետական տուրքերի  գծով կատարողականը կազմել է 135.5%/:

2019թ. 1-ին եռամսյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 223828.0 հազ.դրամ, որից հատկացվել է 173000.0 հազ.դրամ: Փողոցների լուսավորման ծախսերն իրականացվել են 100.0%-ով` կազմելով 29001.2 հազ.դրամ, շենքերի և շինությունների կառուցման ծախսերը`  99.6%-ով` կազմելով 34689.9 հազ.դրամ, իսկ շենքերի  և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը` 99.9%-ով:

Քաղաքապետը դրական համարելով սեփական եկամուտների մասով առաջին եռամսյակի ձեռքբերումները, քաղաքապետարանի համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարեց  պահպանել աճի տեմպերը  և բոլոր հարկատեսակների գծով ապահովել մուտքերը: 

Համայնքի ավագանին իր  համաձայնությունը տվեց 2019թ.առաջին եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով քաղաքային համայնքի պահուստային ֆոնդից` 450 հազ.դրամ գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին: Նիստում որոշումներ ընդունվեցին համայնքային սեփականություն հանդիսացող շենքերից,   նվիրատվության կարգով, բնակարաններ օտարելու, ոչ բնակելի տարածքներ` ուղղակի վաճառքի ձևով օտարելու, վարձակալության  իրավունքով տրամադրելու  թույլտվություն տալու մասին: Հաշվի առնելով Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի` բնակարանային պայմանների  ուսումնասիրման ակտն ու եզրակացությունը, ավագանին բավարարեց առանց ծնողական խնամքի մնացած Իրինա Պետրոսյանին` որպես բնակարանի կարիք ունեցող անձ, հաշվառելու վերաբերյալ խնդրանքը:

Նիստում, հիմք ընդունելով Ստեփանակերտի քաղաքապետին կից տեղանունների  անվանումների և վերանվանումների քաղաքային հանձնաժողովի արձանագրության քաղվածքը, ավագանին միաձայն որոշում կայացրեց մայրաքաղաքի համար 6 հիմնական դպրոցը  Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի անունով անվանակոչելու մասին:  

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն