29.03.2019   ՄԻԱՄՍՅԱԿԸ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԵՆ  ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

Ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակի շրջանակներում մայրաքաղաքում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները:

<<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> կազմակերպությունների աշխատակիցները դեռևս մարտի 15-ից են ձեռնամուխ եղել նախանշված ծրագրի իրականացմանը:

Փորձելով արդյունավետ օգտագործել  ընձեռված հնարավորությունները, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>  ՓԲԸ  մասնագետներն ու բանվորները քաղաքի տարբեր վայրերում սանիտարական էտ են իրականացնում` ազատվելով տարեց, վթարային ծառերից: Դրան զուգընթաց, միաժամանակ <<ծերացած>> ծառերը փոխարինվոմ են մատղաշ տնկիներով և թփերով: Սիզամարգերում, պուրակներում հողը փխրեցվում, նախապատրաստվում է սածիլմանը:

Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, <<ծառահատումներն ինքնանպատակ չեն և իրականացվող գործընթացը միտված է կանաչ զանգվածի, մասնավորապես` ծառատեսակների երիտասարդացմանը>>: Երեկ համայնքային կառույցների աշխատակիցների ուժերով արդյունավետ աշխատանքներ են տարվել կենտրոնական մարզադաշտի, Ն.Ստեփանյանի անվան զբոսայգու տարածքներում և Ս.Շահումյանի անվան պուրակում: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել է ծառատունկ:

Միամսյակը Ստեփանակերտում շարունակվում է:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն