15.03.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻԱՄՍՅԱԿԸ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻԱՄՍՅԱԿԸ

 

Նպատակ ունենալով ընդլայնել կանաչ տարածքները և սանիտարական լիարժեք մաքրություն ապահովել քաղաքում, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ՓԲԸ,  <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ  և  <<Սանմաքրում>> ՀՈԱԿ  բանվորներն այս օրերին վաղ առավոտից զբաղված են հանրօգուտ աշխատանքով, ջանք չեն խնայում կանաչապատման ու բարեկարգման  գործում արժանի ներդրում ունենալու, փողոցներում, մայթերում ու բակերում, զբոսայգիներում, հասարակական վայրերում պատշաճ մաքրություն պահպանելու համար:

Այսօր մայրաքաղաքում մեկնարկել են ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքները:

Դրվատանքի է արժանի բուսաբանական այգու ծաղկաբույծ-այգեգործների  բոլորանվեր աշխատանքը, որոնք այս օրերին  առանձնակի ակտիվություն են դրսևորում` ամենայն բարեխղճությամբ կատարելով իրենց պարտականությունները: Էտվում են ծառերը, հեռացվում չորացած ճյուղերը: Փխրեցվում, պարարտացվում են  կանաչ տարածքները, ծաղկանոցներն ու մատղաշ, դալար շիվերը, վարդի թփերը: Մի շարք փողոցներում և պուրակներում հատված ծառերը փոխարինվել են նորերով, ձևավորվել, երիտասարդացվել:

Բուսաբանական այգու տնօրեն Համլետ Դավթյանի հավաստմամբ, ծաղկաբույծ-այգեգործների, հիմնարկի բանվորների ջանքերը գլխավորապես ուղղված են մայրաքաղաքի կանաչ պուրակների, ծաղկուն և գունեղ սիզամարգերի պատշաճ խնամքի ու ներդաշնակ աճի, քաղաքի գեղեցկության ու հմայքի պահպանմանը, նրա գարնանային դիմագծի ապահովմանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն