22.02.2019   ՆՇՎԵՑ ՄԱՅՐԵՆԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԸ` ՄԱՇՏՈՑԻ <<ԶԻՆՎՈՐՆԵՐՆ>> ԵՆ…

 

Մայրենիի միջազգային օրը, որպես երկրի տոնական օրացույցում պաշտոնապես ամրագրված տոն, տասնչորսերորդ անգամ է նշվում Արցախում:

Հիշարժան իրադարձության կապակցությամբ  հանրապետության կրթական օջախներում կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների շարքում իր ձևաչափով առանձնացել է մայրաքաղաքի` Մ.Մաշտոցի անվան 4-րդ հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցած ցերեկույթը:

Տանտերերը հյուրընկալել էին լեզվի և գրականության ուսուցիչների, բուհերի դասախոսների, կրթության ու մշակույթի ոլորտների աշխատողների, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչների, պետական այրերի, նրանց, ովքեր ոչ թե խոսքով, այլև գործով են ապացուցում իրենց սերն ու նվիրումը ոսկեղենիկ մայրենիի` բոլոր ժամանակների այդ անփոխարինելի հոգևոր արժեքի ու հզոր զենքի նկատմամբ: Նվիրական այդ զգացումը միջոցառման մասնակիցներին ուղեկցեց մինչև միջոցառման ավարտը` պարգևելով անմոռանալի, հուզիչ պահեր:

Միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կրթօջախի ղեկավարությունը` տնօրեն Նելլի Թամրազյանի գլխավորությամբ, տոնական հագեցած ծրագիր էր պատրաստել: Դպրոցի բակում աշակերտները արտասանություններով, երգ ու պարով դիմավորեցին հյուրերին, որպես նվեր նրանց բաժանեցին Մաշտոցի ստեղծած այբուբենի պատկերազարդ տառերը: Ապա միջոցառման մասնակիցները հրավիրվեցին դահլիճ, ուր նրանց ուրախ և զվարթ ողջունեցին հայոց դպրապետի թոռնիկները` հայեցի խոսքը, երգ ու երաժշտությունը շուրթերին: Շուրջ երկու ժամ տևած տոնական ծրագիրը եզրափակվեց Խաչատուր Աբովյանի իմաստուն հորդորով. <<Ղայիմ պահեք հայոց լեզուն>>:

<<Մեր հպարտ և զորեղ մայրենին>> խորագրով կայացած հանրապետական մրցույթի արդյունքներով առավել աչքի ընկած կրթօջախները /այդ թվում` Ստեփանակերտի Մ.Մաշտոցի անվան հիմնական դպրոցը/ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և դիպլոմներով:

Իր խոսքում արժևորելով օրվա խորհուրդը և ընդգծելով լեզվի դերը` սերունդների հայեցի կրթման ու դաստիարակման գործում, նախարար Ն.Աղաբալյանը պատգամեց. <<Որպես գերագույն արժեք, անխաթար պահել մայրենին և այն արժանապատվորեն փոխանցել սերունդներին>>:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն