14.02.2019 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՐՆԴԵԶԸ
ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԽԱՐՈՒՅԿԻ ՇՈՒՐՋ ՈՒՐԱԽ ՊԱՐ ԵՆ ԲՌՆԵԼ
Փետրվարի 13-ին ստեփանակերտցիները նշեցին ավանդական դարձած ազգային, հոգևոր տոներից մեկը` Տրնդեզը, որը բազմաբովանդակ խորհուրդ ունի իր մեջ և բնության զարթոնքի խորհրդանիշն է: Տոնի ամենատարածված բաղադրիչներից մեկը, որ պահպավել է մինչև օրս, խարույկն է: Հատկանշական է, որ Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է Տերունական տոն, որովհետև այն <<40 օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է խորհրդանշում>>: Կրակի /խարույկի/ միջոցով մարդիկ պայքարում են ցրտաշունչ ձմռան և բքի դեմ`<< բարձրաձայնելով>>, թե` ժամանակն է տեղը զիջել գարնանը… Եվս մի հետաքրքիր խորհուրդ է տոնն իր մեջ պարունակում: Հին ժամանակներում խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի հայ օջախները միշտ հաջողությունների մեջ լինեն և հեռու մնան փորձանքներից: Նրանք կրակի ածուխը քսում էին իրենց կոպերին, որպեսզի տեսողությունն ավելի լուսավոր ու պայծառ լինի: Կանայք էլ թաշկինակները նետում էին խարույկի մեջ ու երջանկություն, պտղաբերություն ակնկալում… Ժողովրդական տոնի կապակցությամբ պետթատրոնի ընդարձակ բակում` Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան նախաձեռնած միջոցառումը, որին մասնակցում էին բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ, մեծ թվով զինվորականներ, ուղեկցվում էր բարեմաղթանքի խոսքերով, ասմունքով, երգ-երաժշտությամբ, ուրախ և զվարթ պարերով: Ավանդույթի համաձայն, տոնակատարության մասնակիցներին բաժանվել են անուշահամ բարիքներ` աղանձ, չրեղեն, խնձոր ու քաղցրավենիք: Տոնական հագեցած ծրագիրը տևել է երկար, և մասնակիցները հնարավորություն են ունեցել հորդաբուխ ուրախանալ և շուրջպար բռնել: Երբ քաղաքի վրա դանդաղ ու մեղմ իջել է երեկոն, երիտասարդները խարույկ են վառել և, սովորության համաձայն, առաջինը նրա վրայով ցատկելու/թռչելու/ իրավունքը վերապահվել է նորապսակ զույգերին: Միջոցառմանը ներկա է գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |