18.01.2019 ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՆԱԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԷՐ
Շուրջ մեկ տասնյակի հասնող հարցեր են ընդգրկված եղել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` Նոր տարվա անդրանիկ նիստի օրակարգում, որ կայացել է հունվարի 18-ին` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ: Նիստում առանցքային նշանակության երկու նախագծերը` <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի մասին>> և <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>>, ավագանու անդամներին է ներկայացրել քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը: Ըստ հաղորդագրության, քաղաքային համայնքի 2019թ. բյուջեն եկամուտների մասով կազմում է 1805617.5 հազար դրամ, իսկ ծախսերի գծով` 1814364.4 հազար դրամ /դեֆիցիտը կազմում է 8746.9 հազար դրամ/: 2019թ. Ստեփանակերտ քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, Ստեփանակերտ քաղաքի կառուցապատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: Առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, քաղաքի ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, ինչպես նաև բնակարանային – կոմունալ պայմանների բարելավումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը: Հարկային եկամուտները և տուրքերը 2019թ. համար նախագծով ծրագրվել են 440384.0 հազ.դրամի չափով, կամ 2018թ. համար հաստատված ցուցանիշից 32334.0 հազ.դրամով ավել: Գույքային հարկերը նախատեսվել են 341500.0 հազ.դրամի, իսկ տեղական տուրքերը` 70134.0 հազ.դրամի չափով: Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2019թ. նախագծով ծրագրվել են 17000.0 հազ.դրամի չափով: 2019թ. նախագծով այլ եկամուտները ծրագրվել են 48600.0 հազ.դրամի չափով, որից` շահաբաժինների գծով` 700.0 հազ.դրամ: Համայնքի սեփականություն համարվող հողերի և կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները պլանավորվել են 13200.0 հազ.դրամի, այլ գույքի վարձակալությունից մուտքերը` 5500.0 հազ.դրամի չափով: Տեղական վճարները պլանավորվել են 20000.0 հազ.դրամի, համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարները` 4000.0 հազ.դրամի, վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից գանձվող եկամուտները` 3000.0 հազ.դրամի, իսկ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները` 2000.0 հազ.դրամի չափով: Շինարարաության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման նպատակով ծախսերը նախատեսվել են 178746.9 հազ.դրամի, շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերը` 866514.3 հազ.դրամի չափով /որից` <<Աղբահանում>> ծրագրի համար` 685229.2 հազ.դրամի, <<Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն>> ծրագրի համար` 167285.1 հազ.դրամի, իսկ շրջակա միջավայրի պաշտպանություն ծրագրի համար` 14000.0 հազ.դրամի չափով/: Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը նախատեսվել են 370000.0 հազ.դրամի չափով, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման ու պահպանման է ուղղվելու 180000.0 հազ.դրամ, իսկ փողոցների լուսավորմանը` 190000.0 հազ.դրամ: Մշակութային ծառայությունների ծրագրի ծախսերը նախատեսվել են 87878.3 հազ.դրամ, կրթության ծրագրով նախատեսված արտադպրոցական դաստիարակության ծախսերը` 273974.9 հազ.դրամ: Համայնքի ավագանին հավանության արժանացրեց քաղաքային համայնքի 2019թ. բյուջեն: Ավագանին հաստատեց նաև քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որի համաձայն տարեկան ընդհանուր մուտքերը կազմել են 1664821.0 հազար դրամ /պլանավորված 1779844.0 հազար դրամ գումարի 93.5%-ը/: Հատկանշական է, որ ընդհանուր մուտքերի 26.1%-ըկազմել են սեփական եկամուտները: Կատարողականը կազմել է 95.1%: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտներն աճել են 20445.7 հազար դրամով: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 107966.4 հազար դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 11490.5 հազար դրամ /կատարողականը կազմել է 104.5%/: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 177210.4 հազար դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 180000.0 հազ.դրամի 98.5 %-ը: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 63845.9 հազար դրամ: Պետական տուրքերի գծով կատարողականը կազմել է 107 %: 2018թ. տարեկան բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 1323444.0 հազար դրամ, որից հատկացվել է 1230600.0 հազար դրամ /կատարողականը կազմում է 93.0%/: Հողերի վարձակալության վարձավճարների մասով համայնքային բյուջե է մուտքագրվել 4926.1 հազար դրամ: Գույքի վարձակալությունից մուտքերի կատարողականը կազմել է 133,7%: Վարչական գանձումներից մուտքերը կազմել են 24584.3 հազար դրամ` պլանավորված 23800.0 հազար դրամի դիմաց: Տույժերից և տուգանքներից մուտքերի մասով կատարողականը կազմել է 110.8 %: Իր դիտարկումները ներկայացնելով համայնքի 2019թ. բյուջեի վերաբերյալ, քաղաքապետ Ս.Գրիգորյանը նշեց, թե դատելով հատկացվող գումարներից, ակնհայտ է, որ <<անցյալ տարվա մակարդակը կպահպանվի, ինչը թույլ կտա ապահովել մայրաքաղաքի բնականոն կյանքը և լուծել առաջնահերթ խնդիրները>>: Անդրադառնալով համայնքի 2018թ. բյուջեի կատարմանը, նա ընդհանուր առմամբ, բավարար համարեց կատարված աշխատանքները` մասնավորապես սեփական եկամուտների հավաքագրման մասով, ինչը կատարվել է ավելի քան 95 տոկոսով, հավելելով, թե դատարաների միջոցով ենթակա չվճարված գումարների ետ բերումը հնարավորություն կտա զգալի աճ ապահովել և այն ևս ծախսել համայնքային խնդիրների լուծման նպատակով: Քաղաքապետը միաժամանակ ավագանու անդամների կողմից բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կատարեց: Ավագանին որոշեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամի 2019թ. պարտականությունների կատարման դիմաց սահմանել դրամական փոխհատուցում`ամսական 10000 ՀՀ դրամի չափով: Նիստում որոշումներ ընդունվեցին նվիրատվության կարգով բնակարան օտարելու, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած Ա.Գրիգորյանին և Լ.Փիրյանին, որպես բնակարանի կարիք ունեցող անձ, հաշվառելու մասին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |