14.01.2019 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Ստեփանակերտցիներն ավանդական Հին Նոր տարին նույնպես նշել են բարձր տրամադրությամբ, այս անգամ` Ս.Շահումյանի անվան զբոսայգում զարդարված տոնածառի շուրջ: Հունվարի 13-ի երեկոյան այստեղ էին հրավիրվել ոչ միայն փոքրիկները, այլև մեծերը` ծնողների, պապիկների ու տատիկների ուղեկցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը, որ ուղեկցվում էր ուրախ երգ ու պարով, տոնական երաժշտությամբ, իրենց բարեմաղթանքներով ներկաներին ողջունելու էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ձմեռային հեքիաթի հայտնի հերոսները: Ավելի քան երկու ժամ տևած արարողության ժամանակ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը հանդես եկավ համերգային հագեցած ծրագրով` ոգևորություն և ջերմություն պատճառելով ներկաներին: Տոնական երեկոյին իրենց սրտառուչ երգերով ու պարերով, արտասանությամբ աչքի ընկան և փոքրիկները, որոնք ակտիվ մասնակցության համար խրախուսանքի և հուշանվերների արժանացան Ձմեռ պապի կողմից: Հնչեցներով Ամանորի վերջին ակորդները, մայրաքաղաքի բնակիչները ոգևորությամբ նշելով տոնը, համոզված են, որ Նոր տարին խաղաղություն ու երջանկություն կբերի հայ ժողովրդին, իրականություն կդառնան բոլորի ցանկությունները: Միջոցառմանը ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |