28.12.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ,ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Պատմության գիրկն է անցնում 2018 թվականը, որը նշանավորվեց ստեղծարար, հանրօգուտ աշխատանքով և հիշարժան իրադարձություններով: Հանդիսավորությամբ նշվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը:Համայն հայության հետ տոնեցինք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչպես նաև նշեցինք Ստեփանակերտ քաղաքի օրը:

Կարծում եմ, սխալված չենք լինի ասել, որ երիտասարդ մեր երկրի համար 2018-ը նոր փորձությունների ու նաև` զարգացման տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերում արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման բնագավառում: Շարունակելով ամրապնդել երկրի սահմանները, իշխանությունների կողմից լրջագույն քայլեր իրականացվեցին պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Դիրքապահ զինվորների համար ստեղծվեցին անվտանգության նոր երաշխիքներ: Մեր ժողովուրդը վերստին ապացուցեց Հայրենիքի, Արցախի սեփական ճակատագրին ինքնուրույն տնօրինելու, 1988-ին սկզբնավորած պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու իր վճռականությունը:

Առաջնահերթ խնդիրների լուծման տեսանկյունից, տարին բարեհաջող էր և ստեփանակերտցիներիս համար: Իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը միտված ծավալուն աշխատանքներ, տարաբնույթ մի շարք ծրագրեր: Շահագործման հանձնվեցին բնակելի նոր տներ, կրթամշակութային և կենսական նշանակության հարմարավետ շինություններ: Ջրամատակարարման ծրագրի իրագործմամբ մեզ հաջողվեց Ստեփանակերտում վերջնականապես լուծել ռազմավարական նշանակության շատ կարևոր խնդիր: Քաղաքապետարանի տեսադաշտում են գտնվել ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու ենթակառուցվածքների կատարելագործման, արտաքին լուսավորման, քաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և սանիտարական վիճակի բարելավման հարցերը:

Դրական տեղաշարժերը Ստեփանակերտում, հիրավի, անզեն աչքով էլ նկատելի են: Միևնույն ժամանակ պիտի խոստովանել, որ բարեփոխումները ոչ բոլոր ոլորտներում են ցանկալի արդյունքներ տվել ու դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք առաջնային խնդիրներ: Այդ տեսանկյունից, զգալի անելիքներ ունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կեցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Բոլորս պարտավոր ենք սրտացավ գտնվել շրջապատի նկատմամբ և գիտակցել այն ճշմարտությունը, որ Ստեփանակերտը յուրաքանչյուրիս հարազատ տունն է, և միասնաբար պիտի ձգտենք մեր անձնական ներդրումն ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում:

Հույսեր կապելով Նոր տարվա հետ, մենք, անշուշտ, ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան սպասելիքները, պիտի վճռական գտնվենք մեր ձեռնարկումներում, հանուն լուսավոր ապագայի` համատեղենք մեր ջանքերը, կառուցենք ու առավել հմայիչ դարձնենք սիրելի Ստեփանակերտը:

Սիրելի համաքաղաքացիներ

Վերստին շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին մեր ժողովրդի, համայն հայության համար լինի ձեռքբերումների և խաղաղության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: