08.11.2018 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎ ԿՐԹՕՋԱԽԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
Երեկ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տոնական աշխույժ տրամադրություն էր տիրում: Իսկ շարժառիթը բավական <<խոսուն էր>>, տարողունակ և խանդավառող: Կրթօջախի հիմնադրման 80-ամյա հոբելյանի առիթով նորակառույց շենքի ընդարձակ ճեմասրահում, ուր տեղակայվել էր կոմիտասցիների անցած ճանապարհի և գործունեության մասին պատմող ցուցահանդեսը` ուշագրավ լուսանկարներով և արխիվային ուշագրավ նյութերով, հավաքվել էին մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ, դպրոցի կայացման ակունքներում գտնվող արհեստավարժ մասնագետներ, ուսուցիչներ և սովորողներ, հյուրեր` Երևանից և արտերկրից: Հիշարժան իրադարձության կապակցությամբ ներկաներին շնորհավորելու էին եկել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ուրիշներ: Բացելով հանդիսավոր միջոցառումը և ողջունելով հավաքվածներին, երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանն անդրադարձավ ութ տասնամյակների ընթացքում կոլեկտիվի ունեցած ձեռքբերումներին, պատկառանքով խոսեց վաստակաշատ այն ուսուցիչների և երաժիշտների մասին, որոնց տքնանքի և նվիրումի շնորհիվ կրթօջախը լայն ճանաչում է ստացել տարածաշրջանում: Կրթօջախում են իրենց մկրտությունը ստացել պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողգործիքների բաժնի ղեկավար Անժելա Աթաբեկյանը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Լիլիա Օվչիյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասատու Անահիտ Քոչարյանը, երգահան Արմեն Նասիբյանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի նախկին տնօրեն Վիոլետա Բաղդասարյանը, ճանաչված երաժշտագետ Բելլա Հակոբջանյանը և շատ ուրիշներ, որոնց արգասաբեր գործունեությունը վառ օրինակ է հանդիսանում մատաղ սերնդի համար: Կրելով հայ դասական երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի անունը, երաժշտական դպրոցի կոլեկտիվը շարունակում է զարգացնել հարուստ ավանդույթները, կրթել և նախասիրությունների շրջանակում ուղղորդել իր սաներին, երաժշտական գիտելիքներով սնել և նպաստել նրանց ընդունակությունների դրսևորմանը: Իսկ դրանում, բնականաբար, նշանակալի է երաժիշտ-մասնագետների, ուսուցիչների դերը: <<Երաժշտությունն այն միակ համամարդկային լեզուն է, որ թարգմանության կարիք չունի և նրանով մարդկանց հոգիներն են խոսում, հաղորդակցվում միմյանց հետ,- իր ելույթում նշեց տնօրենը:- Արդեն քանի տասնամյակ է Արցախում այդ համամարդկային լեզվի այբուբենը, բոլոր գաղտնիքներն ու գեղեցկությունները հազարավոր երեխաների համար բացահայտում է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը: Տասնամյակների ընթացքում դպրոցն իր հարկի տակ հարյուրավոր մանուկներ է ընդունել` տալով նրանց ոչ միայն երաժշտական կրթություն, այլև դաստիարակելով նրանց մեջ բարձր ճաշակ: Իսկ աշակերտներն էլ իրենց հերթին դպրոցի անունն են բարձր պահում` մասնակցելով տարբեր համերգների, փառատոնների և մրցույթների ինչն առաջին հերթին ուսուցչական անձնակազմի կատարած աշխատանքի և նվիրման արդյունք է>>: Երաժշտական դպրոցի առաջին տնօրենը հանդիսացել է Պերճ Հայրապետյանը, պրպտող ու նախաձեռնող մի անձնավորություն, ով ջանք չէր խնայում երաժշտության, գեղեցիկի նկատմամբ սեր սերմանելու համար: Եթե հիմնադրման առաջին տարում կրթօջախում սովորողների թիվը 38-ի էր հասնում և դասավանդում էին 10 ուսուցիչներ, այսօր այստեղ շուրջ 600 սաներ են երաժշտական կրթություն ստանում, որոնց ուսուցման գործում ներգրավված են 120 ուսուցիչներ: Հատկանշական է, որ անցած տարիներին դպրոցը թողարկել է ավելի քան 20.000 շրջանավարտներ: Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային-հարվածային, ժողգործիքային, թեորիայի և վոկալ-երջչախմբային բաժիններ, սաները մասնակցելով միջազգային մրցույթ-փառատոնների, հաճախ են հաղթական մրցանակներ շահում: Աշակերտերի ուժերով բեմադրվում են մանկական օպերաներ, կազմակերպվում մրցույթներ` նվիրված տարբեր կոմպոզիտորների, այդ թվում` Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բախի, Շոպենի, Շեստակովիչի, Առնո Բաբաջանյանի, հանրահայտ մյուս կոմպոզիտորների ստեղծագործություններին: Արդեն մի քանի տարի է, ինչ Իննա Գասպարյանի ղեկավարությամբ կրթօջախում գործում է <<Քաղաքի տղաները>> գործիքային նվագախումբը, որի կազմը շարունակ համալրվում է շնորհաշատ աշակերտներով: Այն ելույթներով հանդես է գալիս ոչ միայն Արցախում , այլև Հայաստանում` արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ երաժշտական դպրոցի կոլեկտիվին շնորհավորել և հաստատության մանկավարժներին պատվոգրեր ու դրամական պարգևներ են հանձնել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրանք բարձր են գնահատել կրթօջախի դերը` հանրապետությունում մշակութային կյանքի ձևավորման, մատաղ սերնդի կրթման և գեղագիտական դաստիարակության գործում, համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս կզարգացվեն ու կհարստացվեն Կոմիտասի անունը կրող դպրոցի լավագույն ավանդույթները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |