15.10.2018 ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով հրավիրվել է հոկտեմբերի 14-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը մասնակցելու, նույն օրը հյուրընկալվել է պաշտոնակցի կողմից: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հրավերն ընդունելու և երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար և վստահեցրել, որ Արցախի մայրաքաղաքի հետ համագործակցությունն ու բարեկամությունը կլինի շարունակական և հետզհետե ավելի կամրապնդվի: <<Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Արցախի ժողովրդի և մասնավորապես` ստեփանակերտցիների նկատմամբ, և անելու եմ հնարավորը` ավանդական կապերը զարգացնելու համար>>,- ասել է նա: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր և Ստեփանակերտի բնակչության անունից շնորհավորել է գործընկերոջը` Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան` աշխատանքում և անձնական կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ավանդույթներն ավելի կզարգանան, և նորանոր ձեռքբերումներ կարձագանքվեն ամենատարբեր ուղղություններում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |