21.09.2018   ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐԸ

 

Քաղաքի օրվա կապակցությամբ միանգամից երկու մրցույթ էր կազմակերպել Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը` մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև: Առաջինը, որ անցկացվեց դպրոցների ստեղծագործական շարադրությունների ձևաչափով` <<Իմ սիրուն քաղաք, դու գարուն քաղաք>> խորագիրն էր կրում: Երկրորդ մրցույթը ծավալվել էր լավագույն ասմունքողների միջև: Հատկանշական է, որ արդյունքները, ըստ հանձնախմբի անդամների, գերազանցել են բոլորի սպասելիքները ու երկու պարագայում էլ` աշակերտներն իրենց դրսևորել են արժանապատիվ կեցվածքով, աչքի ընկել բացառիկ շնորհքով և ընդունակություններով:

Այս ամենի մասին մրցույթում հաղթող դպրոցականների պարգևատրմանը` քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր միջացառմանն իր ողջույնի խոսքում նշեց կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, ով ներկաներին շնորհավորեց հիշարժան տոնի` Ստեփանակերտի օրվա առթիվ: Նրա հավաստմամբ, միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 6 տասնյակ պատանիներ ու աղջիկներ, որոնք իրենց կարողություններն են ցուցաբերել շարադրությունների և ասմունքողների մրցույթում  արժանացել պատվոգրերի և հուշանվերների:

Պարգևատրման արարողությունն իրականացրեց փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ով իր հերթին շնորհավորեց մրցույթում աչքի ընկածներին և հանդիսավորությամբ հանձնեց պարգևները: Խրախուսվեցին նաև շնորհաշատ դպրոցականների հայոց լեզվի և գրականության ուսուցիչները:

Վերջում ասմունքողների <<առաջնությունում>> լավագույնները ճանաչված աշակերտները ասմունքեցին հայ գրողների, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն