21.09.2018 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ստեփանակերտի քաղաքապետարանում բարի ավանդույթ է դարձել քաղաքի օրվա առթիվ ընդունելության կազմակերպումը և բարեխիղճ աշխատանքի ու վաստակի համար` արժանավորների պարգևատրումը: Հիշարժան իրադարձությանն էր նվիրված սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին նաև փոխքաղաքապետեր Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը: Ջերմորեն ողջունելով տոնի առիթով ստեփանակերտցիներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արժևորեց օրվա խորհուրդը, ինչը մեծ իմաստ և բովանդակություն է ներառում իր մեջ: <<Մեզնից յուրաքնչյուրն, իրավամբ, հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նաև որոշակի պարտավորվածություն զգում նրա նկատմամբ: Ինչպես ընդունված է ասել, տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերարժևորելու այն,- նշեց քաղաքապետը` անդրադառնալով նախկին մարզկենտրոն Ստեփանակերտը վերանվանելու մասին պատմությանը: - Որոշումը կայացվեց 95 տարի առաջ, 1923 թվականի սեպտեմբերի 23-ին, Բաքվի 26 կոմիսարների չարանենգ սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների առաջ, քաղաքը բնակչության անսասան կամքի, միասնական ջանքերի շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել է բոլոր դժվարություններն ու արգելքները: Շարունակելով լավագույն ավանդույթները, մեզ հաջողվեց համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ ու շարունակել մեր պայքարը թշնամու դեմ, Հայաստանի, համայն հայության աջակցությամբ վերականգնել ավերված քաղաքը, զարգացնել տնտեսությունը ու հետևողականորեն ապահովել նրա առաջընթացը>>: Ինչպես իր ելույթում ընդգծեց Ս.Գրիգորյանը, շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է մայրաքաղաքը, դարձել գեղեցիկ և ավելի հրապուրիչ: <<Մենք ականատեսն ենք այն գործընթացների, որոնք իրականացվում են ամենատարբեր ոլորտներում: Դրանք մասնավորապես վերաբերում են բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, առողջապահական հաստատությունների ընդլայնմանը, քաղաքի ջրամատակարարման խնդրին, ինչը ոչ միայն կենսական, այլ ռազմավարական մեծ նշանակություն ունի: Շարունակվում են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում մնալ ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման, արտաքին լուսավորման, քաղաքի սանիտարական մաքրության բարելավման ու կանաչ տարածքների ընդլայնման խնդիրները>>,- ասաց քաղաքպետը, համոզմունք հայտնելով, որ այսուհետև ևս քաղաքային իշխանությունները ստեփանակերտցիների աջակցությամբ ջանք չեն խնայի քաղաքի բարեկարգման և ճարտարապետական տեսքի բարելավման, կենսական խնդիրների լուծման համար: <<Գաղտնիք չէ, որ քրտնաջան, բոլորանվեր աշխատանքով է պայմանավորված մեր քաղաքի հետագա զարգացումն ու առաջընթացը,- դիմելով ներկաներին` հավելեց քաղաքապետը: - Չէ, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց Ստեփանակերտում: Եվ գիտակցելով այդ իրողությունը, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի Ստեփանակերտը լինի ավելի մաքուր ու գեղեցիկ, ներդաշնակ: Լիահույս եմ, որ այսուհետ ևս դուք ձեր արժանի ավանդը կբերեք մայրաքաղաքի զարգացմանը, առավել պատասխանատվությամբ և նվիրումով կկատարեք ձեր պարտականությունները>>,- ասաց Ս.Գրիգորյանը` վերստին շնորհավորելով ներկաներին: Քաղաքապետը երկարատև, անբասիր աշխատանքի համար և քաղաքի օրվա կապակցությամբ պատվոգրերով և արժեքավոր նվերներով պարգևատրեց Ստեփանակերտի մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, մաղթեց նրանց նորանոր ձեռքբերումներ, ամենայն բարիք:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |