13.09.2018   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

 

Սեպտեմբերի 12-ին Սուրեն Գրիգորյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Գլենդեյլի քաղքապետ  Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են  Կալիֆորնիայի նահանգային սենատոր  Էնթոնի Պորտանտինոն, Գլենդեյլ  քաղաքի քարտուղար-գործակատար Արտաշես  Քասախյանը: Պատվիրակությանն ուղեկցում է ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

<<Բարով եք եկել ձեր հայրենիքը, հարազատ օջախ>>, ջերմորեն ողջունելով, հյուրերին այսպես է դիմել Ս.Գրիգորյանը, նրանց խնդրանքով անդրադառնալով Արցախի  մայրաքաղաքի առօրյային, բնակչության խնդիրներին, լուծում պահանջող առաջնահերթություններին: Քաղաքապետը որոշ մանրամասներ է հաղորդել պատերազմի արհավիրքների /հարևանների/ վերացման ուղղությամբ` Հայաստանի, աշխարհի համայն հայության կողմից ցուցաբերած հսկայական աջակցության, երկրի իշխանությունների միջամտությամբ` ավերված քաղաքի վերականգման ու բարեկարգման շինարարական մեծածավալ աշխատանքների վերաբերյալ, ընդգծելով, թե դաժան պատերազմից գրեթե հետքեր չեն մնացել Ստեփանակերտում: Այն օրեցօր բարգավաճում, զարգանում, վերափոխում է դեմքը, դառնում հմայիչ, անճանաչելի: Իսկ գաղտնիք չէ, որ Արցախ ժամանած հյուրերը երկրի մասին առաջին տպավորությունը ստանում են Ստեփանակերտում` հաղորդակից լինելով քաղաքին ու նրա բնակիչներին:

Քաղաքապետը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, շրջագայության ժամանակ  նրանց մաղթել բարձր տրամադրություն և հաճելի ժամանց:

Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Սուրեն Գրիգորյանին` ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ներկա այցով արդեն ուրագծվում են համագործակցության ուղիները և իրենից կախված ամեն ինչ կանի Գլենդեյլի և Ստեփանակերտի միջև սկիզբ առած բարեկամությունն ամրապնդելու համար:

Նա կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք  շփումները և պատրաստակամություն հայտնել որևէ օգտակար գործ ձեռնարկել մայրաքաղաք Ստեփանակերտի համար: Զ.Սինանյանի խոսքով, առաջին անգամ ինքն Արցախում եղել է պատերազմի ծանր տարիներին, երբ ռմբակոծվում, հրետակոծվում էին Շուշին, Ստեփանակերտը, հայկական մյուս բնակավայրերը: <<Ամենուր ավերածություններ էին, ռազմական մեծածավալ գործողություններ էին տեղի ունենում, մայրաքաղաքի փողոցներով շարժվում էին տանկերն ու զրահամեքենաները, բայց ասես այդ ամենը սովորական էին դարձել հարազատ օջախները չլքող մարդկանց, փոքրիկների համար: Ես ցնցված էի նրանց կամքի զորությունից և աղոթելով Արցախի ազատության համար, համոզված է, որ նման հերոս ժողովուրդը դատապարտված ` միայն  հաղթելու>>,- ասում է Զ.Սինանյանը: Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոն  Պորտանտինոն էլ հավելեց, թե ինքը զարմացած է, թե մարդիկ այնքան մոտ լինելով առաջնագծին, ինչպես են <<անհոգ>> աշխատում,  արարում, ստեղծագործում ու շենացնում երկիրը>>…

Ավանդույթի համաձայն, Ստեփանակերտի քաղաքապետն ու Գլենդեյլի քաղաքապետի գլխավորած պատվիրակության անդամները հուշանվերներ են փոխանակել:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետեր Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:   

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն