05.07.2018 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ
Ստեփանակերտի քաղաքապետ, ԱՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի հանբոլի ֆեդերացիային` նախագահ Սարգիս Գրիգորյանի մահվան կապակցությամբ, ուր մասնավորապես ասված է. <<Խոր վշտով տեղեկացա վաղեմի բարեկամիս և գործընկերոջս` Հայաստանի հանբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Աբրահամի Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին: Երկար տարիներ աշխատելով պետական ամենատարբեր կառույցներում ու զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, նա իր սկզբունքայնության ու մարդամոտ բնավորության շնորհիվ ամենուր նվաճել է գործընկերների, կոլեկտիվի սերն ու հարգանքը, նրանց վստահությունը: Նա իր գործունեությունը հաճելիորեն համատեղում էր սպորտի հետ և փորձում անձնապես նպաստել երիտասարդության ֆիզիկական դաստիարակության զարգացմանը: Հանդիսանալով ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահը, Ս.Գրիգորյանը անում էր հնարավորը, որպեսզի մասայական այդ մարզաձևը լայն տարածում գտնի ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, և հավաքական թիմերն ըստ արժանավույն ներկայացվեն միջազգային ու հանրապետական մրցաշարերում: Հարգելի բարեկամներ Արցախի հանդբոլի ֆեդերացիայի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Սարգիս Գրիգորյանի մահվան կապակցությամբ և զորակցություն եմ հայտնում գործընկերներին, հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում>>:
|
< Վերադառնալ |