25.06.2018   ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հունիսի 25-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է <<Երևանի առաջնորդության դպրոց>> հիմնադրամի պատվիրակությանը` հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ:

Քաղաքապետը ողջունել է այցի մասնակիցներին, կարևորել առաքելությունը` ամենատարբեր ուղղություններում երիտասարդների ներուժի արդյունավետ օգտագործման խնդրում, իրենց ձեռնարկումներում մաղթել նորանոր ձեռքբերումներ: <<Գաղտնիք չէ, որ ցանկացած ոլորտում հաջողություններ արձանագրելու, տնտեսությանն առաջ մղելու համար անհրաժեշտ են առաջնորդներ, - ասաց Ս.Գրիգորյանը: - Այդ տեսակետից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, մենք մեծ ներուժ ունենք և համոզված ենք, որ երիտասարդ մասնագետները համալրելու են լավագույնների շարքերը և իրենց մասնակցությունն են բերելու հայրենիքի շենացմանն ու զորացմանը>>:

Հյուրերի խնդրանքով քաղաքապետն անդրադարձել է մայրաքաղաքի հիմնախնդիրներին, վերջին տարիներին Ստեփանակերտում ներդրումների հաշվին իրականացված ծրագրերին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպմանը ներկա է  գտնվել նաև առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը: