23.06.2018 ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
Մայրաքաղաք Ստեփանակերտում գլխավորապես բնական աղետի հետևանքների վերացմանն էր միտված քաղաքապետարանի կողմից հունիսի 23-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը, որին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ինչպես կոմունալ տնտեսությունների և ընկերությունների, այնպես էլ` հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները: Առաջնահերթությունների թվում առանձնակի ուշադրություն է դարձվել քաղաքի սանիտարական մաքրության, կանաչ տարածքների վերամշակման, չորացած, կարկտահարման հետևանքով շարքից դուրս եկած թփերի և տնկիների վերականգնմանը: Լայն թափով շարունակվել են բարեկարգման աշխատանքները` բակերում, փողոցներում և հրապարակներում, հասարակական վայրերում, կարգի են բերվել պետական կառույցներին և դպրոցներին հարող տարածքները: Շաբաթօրյակի համակարգման հանձնաժողովի նախագահ փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հավաստմամբ ինչպես միշտ, այս անգամ ևս, աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից առանձնացել են <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ջրմուղ – կոյուղի>> ընկերությունները, որոնց ջանքերի շնորհիվ ավելորդություններից ազատվել, թարմացվել ու հաճելի տեսքի է բերվել մայրաքաղաքը: Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել ծաղիկների նոր սածիլներ և վերականգնել աղետից տուժած սիզամարգերը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |