18.06.2018 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎՍ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ
Մայրաքաղաքում տեղացած կարկտախառն, հորդառատ անձրևի հետևանքների ուսումնասիրման և վերացման, աղետից տուժած քաղաքացիների բողոքներին և դիմումներին հնարավորինս արագ արձագանքելու և օգնություն ցուցաբերելու խնդիրներն են քննարկումների առարկա հանդիսացել հունիսի 18-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ կենսաապահովման հիմնարկների ղեկավարներ: Ընդգծելով, դիմումներն արագ ընթացքավորելու, բնակչությանն աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, քաղաքապետը ներկաներին հանձնարարեց առանձնակի ուշադրությամբ մոտենալ խնդրին և գտնել արդարացի ու հիմնավորված լուծում: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է աղետից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը: Այդ կապակցությամբ Ս.Գրիգորյանի հանձնարարականով քաղաքապետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը կգլխավորի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանը: Աշխատանքների համակարգման շտաբում ընդգրկվել են քաղաքապետարանի աշխատակիցներ և մի շարք ընկերությունների պատասխանատուներ: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ, նախատեսվում է հունիսի 23-ին Ստեփանակերտում կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ` ուսումնական հաստատություների, հիմնարկ-ձեռնարկությունների /անկախ սեփականության ձևից/ ու պետական կառույցների աշխատողների մասնակցությամբ, ինչը կնպաստի բնական աղետի հետևանքների վերացմանը, սանիտարական մաքրության բարելավմանն ու քաղաքի բարեկարգմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |