![]() |
15.06.2018 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի՛ ստեփանակերտցիներ,
Ինչպես գիտեք, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Արցախի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով և հաշվի առնելով Ստեփանակերտ քաղաքում հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքի ապահովման ու հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետը, հարցը քննարկելով ավագանու նիստում և ստանալով ավագանու բոլոր անդամների հավանությունը, ս.թ. հունիսի 13-ին ընդունել է <<Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանների ու կարգի մասին>> որոշում: Քաղաքապետի որոշման համաձայն՝ հավաքի կազմակերպիչն հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ պարտավոր է գրավոր իրազեկել Ստեփանակերտի քաղաքապետին և հավաք իրականացնել միայն քաղաքապետարանի որոշումն ստանալուց հետո: Սակայն, անտեսելով այս ամենը, այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան, <<Ազգային վերածնունդ>> կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հաղորդագրություն՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 15-ին և 16-ին մասնակցել մայրաքաղաք Ստեփանակերտում իր կողմից կազմակերպվող հանրահավաքներին՝ նշելով հավաքի վայրը: Տեղեկացնում ենք, որ, ի խախտումն վերը նշված կարգի, քաղաքապետարանը հանրահավաք անցկացնելու մասին որևէ փաստաթուղթ չի ստացել: Նույն իրավիճակը եղել է ս.թ. հունիսի 13-ին, ինչի կապակցությամբ Հ.Խանումյանը հրավիրվել էր Ստեփանակերտի ավագանու նիստին և տեղեկացվել սահմանված կարգի մասին, հանրահավաքի անցկացման վայրի համար նրան առաջարկվել էին տարբերակներ: Այս ամենից հետո նրա կողմից կրկին փորձ է արվում խախտել քաղաքապետարանի հաստատած կարգը, ինչն անթույլատրելի է որևէ մեկի համար: <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետարանն իր իրավասության շրջանակներում միջոցներ կձեռնարկի օրենքի գերակայությունը ապահովելու ուղղությամբ:
ք.Ստեփանակերտ, 15 մայիսի, 2018 թ.
|
< Վերադառնալ |