07.05.2018 ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Տոնական օրերի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների այցերը` պաշտպանության բանակի զորամասեր, վաղուց բարի ավանդույթ են դարձել և շարունակում են նորովի դրսեվորվել` ամենատարբեր ձևաչափերով: Մայիսի 5-ին իրականացված հերթական այցը` ՊԲ զորամաս և առաջնագիծ, լիովին համահունչ է քաղաքապետարանի կողմից մշակված` Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 26-րդ տարեդարձի միջոցառումների ծրագրին: Իսկ ձեռնարկված այցելությունը, որ եկավ համալրելու նախորդների շարքը, դեռ երկար կմնա քաղաքապետարանի աշխատողների և զինվորականների հիշողության մեջ: Աշխատակազմի կոլեկտիվին առաջնորդում էին քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը: Նրանք տեղում ծանոթացան զորամասի հրամանատարության, անձնակազմի սպաների և զինվորների հետ, անկեղծ ու անկաշկանդ զրույց ունեցան, շոշափեցին համաբանակային կյանքին և առօրյային վերաբերող տարբեր հարցեր: Այնուհետև հրամանատարության ուղեկցությամբ խումբը մեկնեց առաջնագիծ` մայիսյան եռատոնի կապակցությամբ շնորհավորելու դիրքապահ տղաներին, ոգևորելու նրանց և մաղթելու անփորձանք, խաղաղ ծառայություն: Հյուրերը, նաև հավաստիացրին, որ հարկ եղած դեպքում կանգնած են լինելու նրանց կողքին: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատողները դատարկաձեռն չէին ներկայացել առաջնագիծ ու զինվորների համար քաղցրավենիք և հուշանվերներ էին տարել: Նրանք բարձր տրամադրությամբ, անմոռանալի տպավորություններով տուն վերադարձան, համոզված լինելով, որ երկրի սահմաններն անվտանգ են, և հայ զինվորը միշտ զգոն է ու ամուր է կանգնած դիրքերում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |