28.04.2018   ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ

 

Օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, ապրիլի 28-ին,քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ Ստեփանակերտ քաղաքում անցկացվել է կանաչապատման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների համաքաղաքային շաբաթօրյակ:

Միջոցառումներին ընդգրկել են մայրաքաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, կազմակերպություններն ու ընկերությունները` անկախ սեփականության ձևից:

<<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից շաբաթօրյակի ընթացքում ապահովվել է աղբահանությունը` քաղաքի տարածքից: Լվացվել են հուշարձաններն ու հրապարակները, իրականացվել ծառատունկ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեն ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու, Ջրմուղ-կոյուղի և Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսությունների կոլեկտիվները: Նրանց ուժերով սանմաքրման են ենթարկվել փողոցներն ու մայթերը, զբոսայգիները, հասարակական վայրերը: Ընդլայնվել են կանաչ գոտիները, ծառեր ու թփեր տնկվել, մշակվել սիզամարգերն ու սածիլվել ծաղիկները:

Ինչպես տեղեկացրեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, այդ աշխատանքներին զուգընթաց բարեկարգվում է մայրաքաղաքը, տոնականորեն զարդարվում, նախապատրաստվում Մայիսյան եռատոնին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն