21.04.2018 ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՏՈՆԱԿԱՆ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ Ապրիլի 21-ին քաղաքապետարանի կողմից հայտարարված սանիտարական մաքրման ու բարեկարգման համաքաղաքային շաբաթօրյակը կազմակերպված է անցել Ստեփանակերտում: Միջոցառման մասնակիցներին ոգևորել էր ինչպես փողոցներում հնչեցվող զվարթ երաժշտությունը, այնպես էլ`մայիսյան նախատոնական հանդերձանքի գունեղ ներդաշնակությունը, որ առանձնակի շուք էր հաղորդում մայրաքաղաքին: Չնայած տեղացող անձրևին, ոչինչ չխոչընդոտեց նախատեսված համալիր աշխատանքների իրագործմանը: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ համաքաղաքային միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկությունները /անկախ սեփականության ձևից/, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունները: Քաղաքի թաղամասերում իրականացվել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, տնկվել են նոր շիվեր ու թփեր: Լվացվել են հուշարձանները, հրապարակներն ու փողոցները. խնամվել պուրակներն ու սիզամարգերը: Քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի խոսքով, Ստեփանակերտի թաղամասերում` ճամփեզրերին, բազմաբնակարան շենքերի, դպրոցների, նախադպրոցական հիմնարկների բակերում և զբոսայգիներում ձևավորվել են ծառերն ու թփերը, հեռացվել չորուկները: Ծերացած, շարքից դուրս եկող ծառերը փոխարինվել են մատղաշ տնկիներով: Սանմաքրման աշխատանքներեն տարվել Հուշահամալիրում, Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում, <<Մենք ենք, մեր սարերը>> հուշարձանի տարածքում, Ստեփան Շահումյանի անվան պուրակում: Ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց պարտականությունների մեջ անթերի էին <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերության աշխատակիցները, ովքեր ժրաջան մեղվի պես մշակում էին կանաչ տարածքները հողը նախապատրաստում ծաղիկների սածիլմանը: Սանիտարական մաքրման գլխավոր պատասխանատուն, բնականաբար, հանդիսացել է <<Սանմաքրում>> ընկերությունը, ում և բնակհաշագործման տնտեսության աշխատակիցների շնորհիվ էլ տոնական տեսք է ստացել Ստեփանակերտը: Սանմաքրման են ենթարկվել բակերն ու հրապարակները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու նկուղները, հովանոցները, հասարակական վայրերը: Սանմաքրման կոլեկտիվի ուժերով կենտրոնական աղբանոց տանող ճանապարհի երկայնքով տնկվել են 100-ից ավելի ընկուզենիներ: Շաբաթօրյակին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև <<Ջրմուղ-կոյուղի>> տնտեսության կոլեկտիվը: Հիմնարկությանը պատկանող ֆիլտրկայաններում և այլ օբյեկտներում իրականացվել են սանմաքրման և ախտահանման ծավալուն աշխատանքներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց պարտականությունների մեջ անթերի էին <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերության աշխատակիցները: Ծրագրված միջոցառումներից անմասն չեն մնացել մայրաքաղաքի դպրոցների և ուսումնական հաստատությունների սովորողները, ՊԲ Ստեփանակերտում տեղակայված զորամասի զինծառայողները, ովքեր աղբից ազատել են հարակից տարածքները, ծառ ու թուփ տնկել, մասնակցել կանաչ տարածքների ընդլայնմանը: Միջոցառումներին իր յուրահատուկ <<մասնաբաժինն>> էր բերել քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը, տոնական համերգներով հանդես գալով տարբեր թաղամասերում ու բարձրացնելով մարդկանց տրամադրությունը: Քաղաքապետի տեղակալ Ա.Հակոբյանը հավաստիացնում է, որ Մայիսյան եռատոնին Ստեփանակերտն առավել գեղեցիկ ու բարետես, մաքուր և հրապուրիչ կներկայանա արցախցիներին և մայրաքաղաք ժամանող հյուրերին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |