19.04.2018 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
<<Էրեբունի-Երևան 2800>>-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, օրերս Ստեփանակերտի Մ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ տաղանդավոր աշակերտներ Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանի ղեկավարության հրավերով հյուրընկալվել են մայրաքաղաք Երևանում: Պատվիրակության անդամներին ընդունել է վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով ողջունելով երեխաներին, կարևորել է նրանց ընդունակություններն ու բացառիկ երաժշտական շնորհքը: Երեխաներն այցելել են Էրեբունի պատմահնագիտական թանգարան և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, մասնակցել են Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված բաց դասին, որտեղ ելույթ են ունեցել և դրսևորել երաժշտական իրենց ընդունակությունները: Պատվիրակության անդամները եղել են նաև Մ.Մալունցյանի արվեստի դպրոցում և իրենց մասնակցությունը բերել համատեղ համերգային ծրագրին` արժանանալով բարձր գնահատանքի: Երեխաները տուն են վերադարձել վառ տպավորություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարից ստացած հուշանվերներով: Հավելենք, որ պատվիրակության այցը` ՀՀ մայրաքաղաք, կայացել է Ստեփանակերտ-Երևան համագործակցության շրջանակներում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |