14.04.2018 ԿԱՅԱՑԵԼ է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Ապրիլի 14-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է քաղաքային համայնքի ավագանու նիստը: Օրակարգում ընդգրկված էին ամենատարբեր բնույթի` մեկ տասնյակից ավելի հարցեր: Ավագանու նիստը սկսվել է շնորհավորանքներով: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը, ծննդյան օրվա կապակցությամբ, շնորհավորել է ավագանու անդամ Հրաչիկ Նասիբյանին, բարեմաղթանքի խոսքեր հնչեցրել և հուշանվեր հանձնել նրան: Նիստում լսվել է քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանի հաղորդումը` Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին: Ըստ հաղորդման, քաղաքային համայնքի 2018թ. 1-ին եռամսյակի ընդհանուր մուտքերը կազմել են 252602.6 հազ.դրամ: Ըստ որում, ընդհանուր մուտքերի 35.5 % կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 77588.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 89602.6 հազ.դրամ: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 27270.0 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 20400.0 հազ.դրամի 133.7 %-ը: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 2319.2 հազ.դրամ /պլանավորված 1870.0 հազ.դրամի 124.0 %-ը/: Փոխադրամիջոխներից մուտքագրվել է 31380.3 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 30600.0 հազ.դրամի 102.5 %-ը: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 13449.3 հազ.դրամ, կամ առաջադրանքը կատարվել է 116.3 %-ով: Պետական տուրքերի մասով կատարողականը կազմել է 138.6 %: Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 64.5%-ը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան: 2018թ. 1-ին եռամսյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 224985.5 հազ.դրամ, որից հատկացվել է 163000.0 հազ.դրամ /կատարողականը կազմում է 72.4%/: Քաղաքային համայնքի 2018թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 274304.4 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 332636.4 հազ.դրամի 82.5%-ը: Իր նկատառումները շարադրելով քաղաքային համայնքի` 2018թ. բյուջեի 1-ին եռամսյակի արդյունքների վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գոհունակություն հայտնեց գրեթե բոլոր հատկատեսակների մասով նախատեսված առաջադրանքների գերազանցման և եկամուտների ապահովման կապակցությամբ` ընդգծելով քաղաքային տեսչության ու եկամուտների բաժնի արդյունավետ աշխատանքը: Նա միաժամանակ քաղաքապետարանի պատասխանատուներին հորդորեց << տեմպերը չթուլացնել ու մինչև տարեվերջ առաջընթաց ապահովել>>, մանավանդ, որ բոլոր ջանքերը պիտի գործադրվեն նախորդ տարիներից կուտակված պարտքերը /գումարները/ հավաքագրելու համար: <<Գաղտնիք չէ, որ գլխավորապես գոյացած եկամուտների հաշվին են իրագործվում քաղաքի բարեկարգմանը և կենսաապահովմանը միտված ծրագրերը: Հետևաբար, բոլոր հարկատեսակների մասով, անվերապահորեն պիտի ապահովվեն նախատեսված եկամուտները>>.- շեշտեց Սուրեն Գրիգորյանը: Քաղաքային համայնքի ավագանին ի գիտություն ընդունեց 2018թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին հաղորդումը: Ստեփանակերտում` ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու, լրացուցիչ վառելիք ձեռք բերելու նպատակով, ավագանին որոշեց քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի պահուստային ֆոնդից <<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել` 1008000 /մեկ միլիոն ութ հազար/ ՀՀ դրամ: Մեկ այլ որոշմամբ Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար հատկացվեց քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2018թ. 1-ին եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով: Ավագանու անդամների շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին հատկապես հասարակական հնչեղություն ունեցող հարցերից մեկի` մետաղադրամով շահագործվող ավտոմատների տեղադրման վերաբերյալ: Քաղաքապետ Ս.Գրիգորյանն անդրադառնալով վաղուց շրջանառվող խնդրին, անթույլատրելի համարեց համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում որոշ անձանց կողմից ինքնակամ հող զավթելու և անօրեն տնտեսական գործունեություն ծավալելու հանգամանքը և ավագանու անդամներին կոչ արեց անզիջում գտնվել օրինախախտների նկատմամբ: << Չի կարելի աչք փակել բացասական մի այնպիսի երևույթի հանդեպ, երբ մետաղադրամով շահագործվող ավտոմատները հաճախ տեղադրվում են այնպիսի վայրերում /ուսումնական հաստատություններին, դպրոցներին հարող տարածքներում, կամ պարզապես մայթերին/, որպեսզի հեշտությամբ եկամուտներ ստանան: Առավել անհանդուրժելի է, երբ այդ գումարները փորձ է արվում ապահովել երեխաների գրպանների հաշվին, - ասաց քաղաքապետը: - Մեր կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն անօրինական այդ ճանապարհը փակելու համար>>: Ավագանու անդամների կողմից միաձայն պաշտպանություն գտավ խնդիրը: Եվ նիստում որոշում կայացվեց խաղերի կազմակերպման համար մետաղադրամով շահագործվող ավտոմատների տեղադրումն ընդհանուր օգտագործման տարածքներում արգելելու մասին: Նիստում որոշումներ կայացվեցին համայնքի սեփականություն հանդիսացող շենքերից` նվիրատվության կարգով, բնակարաններ օտարելու և ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով, ինչպես նաև` ուղղակի վաճառքի ձևով տրամադրելու վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |