26.02.2018 ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ հ.1 ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԹԻՄԸ
Արցախյան շարժման 30-ամյակի տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում շարունակվում են տարաբնույթ մարզական միջոցառումները: Հերթականն անցկացվեց փետրվարի 21-23-ը` Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, հ.1 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Այն կայացավ քաղաքի հանրակրթական դպրոցների` 4-7-րդ դասարանների միջև: <<Սպորտլանդիա>> մարզական խաղերի կազմում ընդգրկված էին 5-ական տղա և նույնքան աղջիկ: Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի խոսքով, միջոցառումը միտված էր անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը: Այն ևս մեկ առիթ ընձեռնեց դպրոցական տարիքի երեխաներին` զբաղվելու տարբեր մարզաձևերով և դրսևորելու սեփական ընդունակությունները: Երեխաները հանդես եկան 5 մրցաձևերում /խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք` արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցումավազք` գնդակներով, հավաքիր <<Հաղթանակ>> բառը/: Մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց հ.1 դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը գրավեց 10-րդ,, իսկ երրորդ մրցանակային տեղը` 6-րդ դպրոցների հավաքական թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից խրախուսվեցին և արժանացան պատվոգրերի ու դրամական պարգևի: Մրցանակները մարզական թիմերին հանձնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |