14.02.2018 ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` 1988-Ի ԲԵՄԱԳՐՈՎ
ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ
Ուղիղ 30 տարի առաջ փոթորկվել էր Ստեփանակերտը: <<Նիրհից>> սթափվել ու իրավունքների, ազատության համար պայքարի էր ելել ողջ արցախահայությունը: Հաշված օրեր անց, փետրվարի 20-ին` արտահայտելով ժողովրդի կամքը, ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով ամրագրվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու Արցախի բնակչության վճռականությունը: Պայքարի ճանապարհին բազում կորուստներ կրեց ժողովուրդը, սակայն դժվարությունների առաջ երբեք չերկնչեց, արժանապատվորեն դիմակայեց բոլոր փորձություններին: Այսօր նա անկախ պետականություն ունի կերտած, հաղթանակած երկիր, որի լիիրավ տերն ու տիրակալն է, և Աստծո օրհնությամբ շարունակում է իրագործել նվիրական իղձերն ու երազանքները: Գրեթե 1988-ի փետրվարի 13-ի <<բեմագրով>> է Ստեփանակերտում անցել ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների բազմամարդ երթը, որին միացան արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, բուհերի դասախոսներ և հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մտավորականության, աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Մեկնարկը տրվեց Արցախի պետական համալսարանից: Երթի մասնակիցները 1988-ի շարժումն ազդարարող ցուցապաստառներով, 30-ամյա տարեդարձի տարբերանշանով, դրոշներով և նկարներով, հայրենասիրական ոգեշունչ կոչերով Ազատամարտիկների պողոտայով շարժվում են դեպի Ս.Շահումյանի անվան պուրակ: Այն առաջնորդում են գերազանց սովորող ուսանողները, ովքեր իրենց ձեռքերին տանում են 25 մետր երկարությամբ ձգվող Արցախի Հանրապետության դրոշը: Շահումյանի անվան պուրակում նրանց առանձնակի ջերմությամբ է ողջունում Ստեփանակերտի քաղաքապետարանի փողային նվագախումբը` խմբավար և դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ: Շուտով ամբիոն են բարձրանում հանրապետության ղեկավարները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ և շարժման ակտիվիստները: Հանրահավաքին, աշխատանքային բազմաթիվ կոլեկտիվների թվում, մասնակցում էր և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ: Շեփորահարը հնչեցնում է 1988-ի շարժման կոչնակը, որով և ազդարարվում է հանրահավաքի սկիզբը: Ելույթներ են ունենում շարժման ակտիվ մասնակից, Արցախի պետհամալսարանի դասախոս Համլետ Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, Ապրիլյան պատերազմում բազմաթիվ սխրանքներով աչքի ընկած մարտիկ, երիտասարդ սպա, <<Մարտական Խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Պետրոսյանը: Շնորհավորանքի ուղերձով հանրահավաքի մասնակիցներին, արցախցիներին, հայ ժողովրդին է դիմում հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ներկաներին օրհնանքի խոսքեր ուղղեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախ հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շեփորի կոչնակներով ավարտվում է հանրահավաքը: Հրապարակը տրամադրվում է <<Կարին>> ազգագրական, <<Մենք ենք, մեր սարերը>>, <<Արացախ>> երգի, պարի համույթներին: Ժողովրդական և ազգագրական ոգեղեն ստեղծագործությունների հնչյունների ներքո միասնության շուրջպար են բռնում երիտասարդները, որոնց միանում են շարժման ակտիվիստներն ու արցախյան ազատամարտի վետերանները: Ավագների <<ուղղորդմամբ>> փոքրիկները երկինք են բաց թողնում արցախյան շարժման 30-րդ տարեդարձը խորհրդանշող տարբերանշանով օդային գունեղ փուչիկներ, որոնց հետևում է ճերմակ աղավնիների ճախրանքը` խաղաղությունը թևերեին: Մինչև երեկո Վերածննդի հրապարակում թևածում էին հայկական երգն ու երաժշտությունը: Մայրաքաղաքում ժողովրդական ուրախ տոնախմբություն էր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |