25.01.2018   ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ 2018Թ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2018թ. Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր են քննարկվել երկու մայրաքաղաքների համագործակցության աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանի և Արմեն Հակոբյանի հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին և Ստեփանակերտի հետ 2012 թվականից սկսած համագործակցության ընդլայնումը դիտարկելով որպես <<երկու մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ու Արցախի շրջանների միջև բարեկամության ամրապնդման կարևոր բաղադրիչներից մեկը>>, Դ.Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ    2018-ին փոխադարձ կապերն ավելի կամրապնդվեն և հաջողությամբ կիրականացվեն նախանշված համատեղ ծրագրերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանն իր հերթին արձանագրել է, որ <<ինչպես հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, այնպես էլ Երևանի և Արցախի Հանրապետության շրջանների բազմակողմ համագործակցությունը շարունակ ընդլայնվում է` բացելով նոր ուղղություններ ու հեռանկարներ>>:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ փոխգործակցությունը` ճարտարապետության և քաղաքաշինության, սոցիալական, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության և այլ ոլորտներում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն