19.01.2018 ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 2018Թ. ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ՀԱՆԴԻՍԱՆԱ Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի` նոր տարվա անդրանիկ նիստի օրակարգում ի թիվս մի շարք հարցերի ներառված էին քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի մասին և 2017թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծերը: Ըստ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանի, քաղաքային համայնքի 2018թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1779844,0 հազար դրամ, ծախսերի գծով` 1809907,4 հազար դրամ: Դեֆիցիտը նախատեսվում է 30063,4 հազ.դրամի չափով: Ինչպես ընդգծված է Ստեփանակերտի քաղաքապետի` 2018թ. բյուջետային ուղերձում, քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, Ստեփանակերտ քաղաքի կառուցապատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: 2018թ. առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, սոցիալապես անապահով ընտանիքնեփրի բնակարանային պայմանների բարելավումը: Հարկային եկամուտներն ու տուրքերը 2018թ. համար նախագծով ծրագրվել են 408050,0 հազ.դրամի չափով, կամ 2017թ. համար հաստատված ցուցանիշից` 29143,0 հազ.դրամով ավել: Գույքային հարկերը նախատեսվել են 311000,0 հազ.դրամի չափով: Տեղական տուրքերը 2018թ. ծրագրվել են 68000,0 հազ.դրամի, իսկ համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը` 16700,0հազ.դրամի չափով: Հիմք ընդունելով ԼՂՀ 2018թ. պետական բյուջեն, 2018թ. նախագծով ծրագրվել է 1323444.0հազ.դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ: Այլ եկամուտները կանխատեսվում են 48350.0 հազ.դրամի չափով: Համայնքի սեփականություն համարվող հողերի և կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները պլանավորվել են 13750.0 հազ.դրամի, տեղական վճարները` 20000.0 հազ.դրամի, համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարները` 3800.0հազ.դրամի, վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից գանձվող եկամուտները` 2700.0 հազ.դրամի, օրենքով և իրավական այլ եկամուտները` 2500.0 հազ.դրամի չափով: Հատկանշական է, որ ծախսերի ամբողջ ծավալի 98.3 տոկոսը, կամ 1779744.0հազ.դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին /վարչական բյուջե/: Շինարարության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման նխատակով ծախսերը կանխատեսվել են 190063.4 հազ.դրամի, շրջակա միջավայրի պահպանության ծախսերը` 847682.1 հազ.դրամի /որից <Աղբահանում> ծրագրի համար` 676560.5 հազ.դրամ, իսկ <Կենսաբազմազանության և բնության պահպանության> ծրագրի համար`171121.6 հազ.դրամ/ չափով: Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը կկազմեն 370000.0 հազ.դրամ: Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանման է ուղղվելու 160000.0 հազար դրամ, իսկ փողոցների լուսավորմանը` 210000.0 հազար դրամ: Մշակութային ծառայություններ ծրագրի ծախսերը նախատեսվել են 87294.4 հազ.դրամի, կրթության ծրագրով նախատեսված արտադպրոցական դաստիարակության ծախսերը` 269467.5 հազ.դրամի չափով: Ավագանին հաստատեց քաղաքային համայնքի 2018թ. բյուջեն: Նիստում լսվել է նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. տարեկան բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ.Համբարձումյանի տեղեկացմամբ, քաղաքային համայնքի 2017թ. տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1714975.6 հազ.դրամ: Ընդ որում, ընդհանուր մուտքերի 24.1 տոկոսը կազմել են սեփական եկամուտները: Նախատեսված 426007.0հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 413775.6հազ.դրամ: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտները աճել են 17277.4 հազ.դրամով /չվճարված 32225.9 հազ.դրամի չափով տարբեր եկամտատեսակների վերաբերյալ նյութերը ներկայացված են դատարան/: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 101555.5 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 10863.6 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 162197.6 հազ.դրամի գույքահարկ: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 64405.4 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 57000.0 հազ.դրամի 113.0 տոկոսը: Պետական տուրքերի գծով պլանավորված 15800.0 հազ.դրամի դիմաց մուտագրվել է 17180.4 հազ.դրամ: Այլ հարկային եկամուտների գծով կատարողականը կազմել է 107.7 տոկոս: Անդրադառնալով քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի կատարմանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե բոլոր հնարավորությունները պիտի օգտագործվեն փաստաթղթում ամրագրված ծրագրերն անվերապահորեն կատարելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետբյուջեից տրամադրվող գումարները 2018-ին նվազել են 40 միլիոն դրամով, պիտի քայլեր ձեռնարկվեն սեփական եկամուտներն ավելացնելու, ու հավաքագրված գումարների հաշվին աշխատանքներ տարվեն կանաչապատման, սանմաքրման ու բարեկարգման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ: «Հարկերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների հավաքագրումը պարտադիր պայման պիտի հանդիսանա, իսկ պարտավորություններից հրաժարվողների նկատմամբ տույժեր պիտի կիրառվեն, - իր խոսքում ընդգծեց քաղաքապետ Ս.Գրիգորյանը:-Բյուջեով նախատեսված եկամուտները պիտի ապահովվեն 100 տոկոսով: Անթույլատրելի է, երբ կառուցապատման նպատակով տարիներ առաջ հատկացված հողատարածքներում վարձակալների կողմից շինարարական աշխատանքները շարունակ ձգձգվում և ավարտին չեն հասցվում, ու նրանք սահմանված վարձավճարներից խուսափում են: Նման անբարեխիղճ վարձակալների նկատմամբ անզիջում պիտի լինել և պահանջել, որպեսզի անվերապահորեն կատարեն իրենց պարտավորությունները»: Քննարկումների արդյունքում ավագանին հաստատեց քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նիստում որոշում կայացվեց նաև 2018թ. պարտականությունների կատարման դիմաց քաղաքային համայնքի ավագանու անդամների ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |