17.01.2018   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

 

Հանրակրթական առարկաների նկատմամբ հատուկ կարողություններ ունեցող և առանձնակի հետաքրքրություններ ցուցաբերած աշակերտների համար ամեն տարի մայրաքաղաքում ավանդաբար անցկացվում են առարկայական օլիմպիադաներ:

Այս ուսումնականում ևս ավանդույքը չխախտվեց: Հանրակրթական դպրոցների սովորողների միջև քաղաքային օլիմպիադան անցկացվում է 15 առարկաներից /հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա-քիմիա, կենսաբանություն, ՆԶՊ, ինֆորմատիկա/: Հատկանշական է, որ այն կազմակերպվում է չորս փուլով` առաջին /դպրոցական/, երկրորդ /քաղաքային/, երրորդ /հանրապետական/ և չորրորդ /եզրափակիչ/, որ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Առարկայի օլիմպիադայի  առաջին` դպրոցական փուլը մեկնարկել է 2018թ. հունվարի 15-ին: Այդ նպատակով ստեղծվել են կազմկոմիտե և առարկայական հանձնախմբեր, որոնք քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի կողմից  համակարգում և վերահսկում են ընթացքը: Դպրոցական փուլի մրցութային առաջադրանքները կազմվում են քաղաքային առարկայական մեթոդխորհուրդների կողմից` հանրակրթական դպրոցների առարկայական մեթոդխորհուրդների առաջարկությունների հիման վրա:

Ըստ քաղաքապետարանի բաժնի գլխավոր մասնագետ Թերեզա Ղարախանյանի, առարկայական օլիմպիադայի 2-րդ փուլի առաջադրանքները /բացի մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն առարկաներից/ կազմվում են Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարարության, իսկ 3-րդ փուլինը` ՀՀ ԿԳ նախարարության մասնագետների երաշխավորությամբ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն