17.01.2018 ՄԵԾԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԺԱՆԻՆԵՐԸ
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ Ստեփանակերտի քաղաքապետարանն առանձնակի հարգանքով է վերաբերվում այն անձանց, ովքեր իրենց անբասիր աշխատանքով ու ակտիվ կենսադիրքով, մարդկային ազնիվ նկարագրով նպաստում են մայրաքաղաքի բնականոն ընթացքին, նրա խնդիրների լուծմանը, լավագույն ավանդույթների և արժեքների պահպանմանն ու զարգացմանը` մնայուն հետք թողնելով սերունդների հիշողության մեջ: Այդ շարքում կարելի է դիտարկել կենցաղասպասարկման համակարգի հնագույն աշխատող Հրանտ Սեդրակի Կարապետյանի անցած կյանքի հարուստ ուղին, ում ծննդյան 80-ամյա հոբելյանը լրացավ վերջերս: Երիտասարդական ավյունով ու եռանդով շարունակելով իր գործը, ինչն այսօր էլ պահանջված է մնում հանրության շրջանում, մասնավորապես` Ստեփանակերտ քաղաքում, Հ.Կարապետյանը սիրով իր փորձն ու գիտելիքները հաղորդում է երիտասարդներին, պատրաստում արհեստավարաժ մասնագետների արժանի հերթափոխ: Հատկանշական է, որ աշխատանքային նկարագրով ու կենսափորձով ամուսնուց հետ չի մնում և նրա կինը` Ջուլիետա Կարապետյանը, ով, ի դեպ, շուրջ 5 տասնամյակ գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատել է քաղաքի կենսապահովման առաջատար կառույցներից մեկում` <<Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղի>> ընկերությունում, վաստակելով խոր հարգանք և վստահություն: Մարդու տարիների բոլորանվեր վաստակն աննկատ չի կարող մնալ քաղաքային իշխանությունների, համաքաղաքացիների կողմից: Երկարամյա անբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ Հրանտ Կարապետյանը պարգևատրվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրով:
Հարազատ օջախում` արժեքավոր հուշանվերի հետ պատվոգիրը և քաղաքապետի բարեմաղթանքները Հ.Կարապետյանին է փոխանցել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Իր հերթին Հրանտ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հոգատար վերաբերմունքի և ջերմ խոսքերի համար, հավաստիացրել, որ այսուհետ ևս ուժն ու եռանդը նվիրաբերելու է աշխատանքին, սիրելի քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:
.
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |