28.12.2017 ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻՆ`ԱՄԱՆՈՐԻ, ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմության գիրկն է անցնում 2017 թվականը, որը նշանավորվեց ստեղծարար, հանրօգուտ աշխատանքով և հիշարժան իրադարձությամբ: Հայաստանի ու Սփյուռքի հետ միասնաբար տոնեցինք հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձը: Կարծում եմ, սխալված չենք լինի ասել, որ այն երիտասարդ մեր երկրի համար նոր փորձությունների ու նաև`զարգացման տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերում արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման բնագավառում: Շարունակելով վերացնել ապրիլյան պատերազմի հետևանքները և ամրապնդելով երկրի սահմանները, դիրքապահ զինվորների համար ստեղծվեցին անվտանգույթան նոր երաշխիքներ: Մեր ժողովուրդը վերստին ապացուցեց Հայրենիքի, Արցախի սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, 1988-ին սկզբնավորված պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու վճռականությունը: Առաջնահերթ խնդիրների լուծման տեսանկյունից, տարին բարեհաջող էր ստեփանակերտցիներիս համար: Իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը միտված ծավալուն աշխատանքներ, տարաբնույթ մի շարք ծրագրեր: Շահագործման հանձնվեցին բնակելի նոր տներ, կրթամշակութային և կենսական նշանակության հարմարավետ շինություններ: Ջրամատակարարման ծրագրի իրագործմամբ մեզ հաջողվեց Ստեփանակերտում լուծել ռազմավարական նշանակության շատ կարևոր խնդիր: Քաղաքապետարանի տեսադաշտում են եղել ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու ենթակառուցվածքների կատարելագործման, արտաքին լուսավորման, քաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և սանիտարական վիճակի բարելավման հարցերը: Պատահական չէ, որ օր-օրի ավելի գեղեցիկ և հրապուրիչ տեսք է ստանում մայրաքաղաքը: Դրական տեղաշարժերը Ստեփանակերտում, ինչպես ասում են, անզեն աչքով էլ նկատելի են: Միևնույն ժամանակ պիտի խոստովանել, որ բարեփոխումները ոչ բոլոր ոլորտներում են ցանկալի արդյունքներ տվել ու դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ տեսանկյունից, զգալի անելիքներ ունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Անտարբերությունը մեզանում տեղ չունի և, որպես չարիք, այն պիտի արմատախիլ արվի: Հետևաբար, պարտավոր ենք սրտացավ գտնվել շրջապատի նկատմամբ և գիտակցել մի պարզ ճշմարտություն. Ստեփանակերտը բոլորիս հարազատ տունն է, և միասնաբար պիտի ձգտենք մեր անձնական ներդրումն ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում: Հույսեր կապելով Նոր տարվա հետ, մենք, անշուշտ, ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան սպասելիքները, պիտի վճռական գտնվենք մեր ձեռնարկումներում, հանուն պայծառ ապագայի` համատեղենք մեր ջանքերը, կառուցենք ու առավել հմայիչ դարձնենք սիրելի Ստեփանակերտը: Հատկանշական է, որ 2018-ին լրանում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը: Մի իրադարձություն, ինչը վերաարժևորման կարիք ունի, և պարտավորեցնում է ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով վերաբերվել` գիտակցելով երևույթի պատմական և քաղաքական մեծ նշանակությունը: Սիրելի համաքաղաքացիներ Վերստին շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին, համայն հայության համար լինի ձեռքբերումների և խաղաղության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
|
< Վերադառնալ |