19.12.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՎԱՌՎԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

 

Դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում վառելով հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը` տրվեց Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը /հանդիսավոր արարողությանը ներկա էր և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը/:

Որպեսզի իրենց ներկայությությամբ ու ելույթներով շուք հաղորդեն հանդիսությանը, Հաղթանակի հրապարակից` Կաղանդ պապն Ամանորի հայտնի հեքիաթների հերոսների, բուհերի ուսանողների և  դպրոցականների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, երգ ու պարով  Ազատամարտիկների փողոցով երթ կազմակերպեցին դեպի Վերածննդի  հրապարակ ու միացան բազմամարդ համաքաղաքային միջոցառմանը:

Ընդարձակ հրապարակը վերածվել էր հեքիաթների մի յուրահատուկ աշխարհի, ուր յուրաքանչյուր հերոս իր տարերքի մեջ էր: Ամեն ինչ ներդաշնակ է, գունեղ և լուսեղեն: <<Աղանդավանի>> բեմականացված ծրագրի մտահղացումը  հետաքրքիր լուծումներ էր գտել` հրապուրելով փոքրերին ու մեծերին: Տեղադրված <<Կաղանդավանը>>, որի հարկի տակ 16 տնակներ են <<օթևանել>>, կգործի դեկտեմբերի 18-31-ը, և բնակչության համար ամանորյա գնումների ինքնատիպ <<տաղավար>> կհանդիսանա: Իսկ տոնակատարության  մասնակիցները, մինչև շրջայց  կկատարեն` մտնելով տնետուն, վայելում են Ստեփանակերտի մշակույթի տան համույթի և գեղարվեստական մյուս խմբերի կատարումները:  Հորդաբուխ  հնչում են ուրախ երգն ու երաժշտությունը, երեխաներն ուրախ շուրջպար են բռնում Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ`սրտատրոփ  պահելով 2018-ի ճանապարհը…

 Կազմակերպիչները հավաստիացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին  նվիրված  միջոցառումները հագեցած են լինելու և  կանցնեն ուրախ ու զվարթ տրամադրությամբ: Ասել է թե` ստեփանակերտցիները Նոր տարին կդիմավորեն հանրապետության գլխավոր   տոնածառի շուրջ, ուր  նրանց ուրախ երգ-երաժշտության ուղեկցությամբ շուրջպարի կհրավիրեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: <<Եթե Ամանորի գիշերն անգամ ցրտաշունչ լինի, ջերմության պակաս չի զգացվի>>,- խոստանում են տոնակատարության  կազմակերպիչները:

Քաղաքի  բոլոր փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և պուրակներում ավարտված են լուսային էֆեկտների տեղադրման և տոնական զարդարման աշխատանքները: Բացի Վերածննդի հրապարակում տեղադրված  հանրապետության թիվ 1 տոնածառից, նրբաճաշակ  զուգվել-զարդարվել է նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակի սլացիկ, մշտադալար եղևնին: Իր շքեղությամբ ինչպես փոքրերի, այնպես էլ` մեծերի հետաքրքրությունն է շարժում նաև Հաղթանակի հրապարակում տեղադրված նրբահյուս տոնածառը: Ամենուր` շենքերի ճակատային մասում տեղադրվել են գալիք Նոր տարին խորհրդանշող պատկերներ, Ամանորի տարբեր պաստառներ, դրոշներ, օրհնանքի խոսքեր` լուսային գունեղ լուծումներով: Տոնականորեն են զարդարված պետական հաստատությունները, հասարակական օբյեկտները, կրթօջախները, նրանց հարակից տարածքները: Հատկանշական է, որ մայրաքաղաքի <<Հաղթանակի>> հրապարակի տոնական զարդարման առաքելությունը, նախորդ տարիների  օրինակով, այս անգամ ևս ստանձնել է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից նախապես հաստատված Ամանորի ծրագրի, դեկտեմբերի 26-29ը մայրաքաղաքի հ.1, 5, 8 և 10 դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն տոնական հանդիսություններ, որտեղ մանկապարտեզ չհաճախող  1-5 տարեկան մանուկները և 1-4-րդ դասարանների աշակերտները նվերներ կստանան:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան  երկրի գլխավոր տոնածառի շուրջ կայացած Ամանորի տոնական, անակնկալներով լի միջոցառումներից հետո` Վերածծնդի հրապարակում կկազմակերպվի շքեղ հրավառություն:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն