11.12.2017 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՒՆԱԶԱՐԴՎԵԼ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մայրաքաղաքի փողոցներում, պետական հաստատություններում ու հասարակական վայրերում շարունակվում են Ամանորի նախապատրաստման, տոնական ձևավորման և զարդարման աշխատանքները: Ամենատարբեր թաղամասերում տեղադրվում են լուսային գունեղ շղարշներ/շղթաներ/, խորհրդանշական գունեղ պաստառներ, ձևավորվում <<կենդանի>> տոնածառերը, ստեղծվում նախատոնական բարձր տրամադրություն: Մայրաքաղաքի Ամանորի տոների ձևավորման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են քաղաքապետարանի համապատասխան բաժինների, <<Բնակշահագործման տնտեսություն>> ՓԲԸ, <<Արցախէներգո>> ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի հավաստմամբ, արվում է հնարավորը` մայրաքաղաք Ստեփանակերտն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին արժանապատվորեն ներկայացնելու ոչ միայն փոքրիկներին, այլ նաև մեծերի հետաքրքրությունը շարժելու, հագեցած ու հետաքրքիր ծրագրեր պատրաստելու համար: Արագ թափով են ընթանում Հանրապետության գլխավոր տոնածառի ձևավորման ու զարդարման աշխատանքները: Ըստ Ա.Հակոբյանի, 2018-ի նախաշեմին քաղաքի մի շարք դպրոցներում նախադպրոցական տարիքի երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի հանդիսություններ և քաղաքապետարանի կողմից նրանց նվերներ կբաժանվեն: Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |