10.10.2017 ՏՈՆԱՎԱՃԱՌ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Արդեն 7–րդ տարին է, ինչ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ տոնախմբություն է կազմակերպվում մայրաքաղաքում, որից անմասն չի մնում հանրապետության ոչ մի համայնք: Բերքի տոնը, որ վերածվել էր յուրահատուկ հաշվետվության, և նշվեց մեծ շուքով, նաև մեր ժողովրդի հարուստ ավանդություններն ու սովորությունները պահպանելու, զարգացնելու և սերունդներն փոխանցելու միտում ունի: Պատահական չէ, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ուրախ տոնահանդես էր բացվել, և բարիքներ արտադրող գյուղացին ու ֆերմերը մայրաքաղաքի բնակչությանն էին բաժին հանել աշնան գույներն ու բույրերը: Հյուրասիրության պակաս չէր զգացվում: Մշակութային բազմապիսի միջոցառումները, ժողովրդական երգն ու նվագը, պարը ևս ոգևորել, բարձրացրել էին մարդկանց տրամադրությունը: Աշխույժ գնումներ էին կատարվում և ոչ ոք դատարկաձեռն տուն չէր վերադառնում: Ընդհանուր առմամբ, բերքի տոնին իրենց մասնակցությունն էին բերել ավելի 250 համայնքներ, շուրջ հինգ տասնյակ ֆերմերային տնտեսություններ, գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ և ընկերություններ: Միայն այն փաստը, որ անցյալ տարվա համեմատությամբ 110-ով ավելացել է սպասարկող տաղավարների, ու 200-ով` ծանրաբեռ բերք ու բարիքով ավտոմեքենաների թիվը, վկայում է միջոցառման մասնակիցների, ինչպես նաև կազմակերպիչների պատասխանատվության և ակտիվ ձեռնարկման, նրանց խանդավառության մասին: Բերքի տոնին, պետական այրերի ուղեկցությամբ ներկայացել էր նաև հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով շրջելով տաղավարներում, ծանոթացել է վաճառվող արտադրանքին, հետաքրքրվել հողագործների և անասնապահների, ֆերմերների, մթերքներ վերամշակվող ձեռնարկությունների գործունեությամբ, ունկնդրել նրանց առաջարկություններն ու խնդրանքը` փոխանցելով գյուղնախարարին և համակարգի պատասխանատուներին: Որպեսզի <<Տերը միշտ քաղցր աչքով նայի գյուղի աշխատողին>>, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնել է հողի մշակի արարած բերքն ու բարիքը, զորություն և անփորձանք ծառայություն մաղթել դիրքապահ զինվորին, խաղաղություն` ամբողջ հայ ժողովրդին Տոնավաճառ է այցելել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |