10.10.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 10-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը: Օրակարգում ներառված մեկ տոսնյակից ավելի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ընդունվել են համապատասխան որոշումներ:

Նիստում քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ վիճակագրական տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են 1047905,5 հազ.դրամ, ինչը կազմում է պլանավորված 1199597,0 հազ.դրամ գումարի 87,4 տոկոսը: Ընդհանուր մուտքերի 22,6 տոկոսը կազմել են սեփական եկամուտները: Նախատեսված 285422,0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 237205,5 հազ.դրամ /կատարողականը կազմում է 83,1 տոկոս/:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 54579,5, իսկ հողի հարկից գանձվող մուտքերը` 6214,8 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 84369,9 հազ.դրամի գույքահարկ: Տեղական տուրքեի գծով նախատեսված պլանն իրականացվել է 133 տոկոսով: Պետական տուրքերի գծով մուտքագրվել է 12534,0 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 118,4 տոկոս:

Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 77,4 տոկոսը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան: 2017թ. 9 ամսվա բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 914175,0 հազ.դրամ, որից հատկացվել է 810700,0 հազ.դրամ /կատարողականը կազմում է 88,7 տոկոս/: Հողերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները կազմել են 3687,1 հազ.դրամ, գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը` 102,7 տոկոս: Նախատեսված 3350,0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 3487,1 հազար դրամ:

Քաղաքային համայնքի 2017թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1053227,1 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 1206166,7 հազ.դրամի 87,3 տոկոսը: Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված 795003,0 հազ.դրամի դիմաց ֆինանսավորվել է 741733,1 հազ.դրամ:

Անդրադառնալով քաղաքային համայնքի բյուջեի 9 ամսվա կատարողականին, քաղաքապետը գոհունակություն հայտնեց մի շարք կարևոր եկամտահարկերի մասով ստանձնած պարտավորությունները կատարելու առնչությամբ: Միևնույն ժամանակ նա անընդունելի համարեց, որ գույքահարկի մասով չեն արդարացվել սպասվելիքները ու նախատեսվածից քիչ գումար է հավաքագրվել: Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարեց ուսումնասիրել և վեր հանել թերացման պատճառները ու քայլեր ձեռնարկել բյուջեի մուտքերն ապահովելու ուղղությամբ: Քաղաքապետն ավելորդ չհամարեց քաղաքացիներին` հիշեցնել համայնքի հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների մասին. հավելելով, որ գործող օրենքի համաձայն, հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր և տուգանքներ:

Ավագանին, ծավալված քննարկումներից հետո ի գիտություն ընդունեց Մ.Համբարձումյանի` քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը: Նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնել ավագանու անդամներին` 2017թ. երրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով: Ավագանին իր համաձայնությունը տվեց Ստեփանակերտ քաղաքում 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ընդերային լեյշմանիոզի օջախների մշակման աշխատանքները ֆիանանսավորելու նպատակով` ԼՂՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ <<Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ֆինանսական միջոցների հատկացնելու մասին որոշմանը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ, ուժը կորցրած ճանաչվեց 2009թ. հունիսի 1-ի Ստեփանակերտի քաղաքապետին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմի վերաբերյալ որոշումը և հավանություն տրվեց նոր հանձնաժողովի կազմին, որը կգլխավորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը: Նիստում որոշումներ կայացվեցին համայնքի սեփականություն հանդիսացող շենքերից, քաղաքացիներին նվիրատվության կարգով, բնակարաններ օտարելու, ինչպես նաև ոչ բնակելի տարածքներ ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:

Նիստի աշխատանքներն ամփոփեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն