11.09.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ`<<ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ>> ԹԵՐԹԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Ուրախ եմ ողջունելու խմբագրության ստեղծագործական անձնակազմին, կոլեկտիվի բոլոր անդամներին` հիշարժան իրադարձության` թերթի առաջին համարի տպագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

<<Ստեփանակերտի>> կենսագրությունից դժվար չէ ենթադրել, որ այն նույնպես արցախյան ազգային-ազատագրական շարժման ծնունդ է: Թերթը սկզբնավորվել է 1997-ի սեպտեմբերին, մեր ժողովրդի համար դժվար ու բախտորոշ մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ  երկիրը նոր էր դուրս եկել պատերազմից,  և ավերված տնտեսությունը, որի ճնշող մասն, ի դեպ, բաժին է ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտին, վերականգնելու համար հսկայական ջանքեր էին պահանջում:

Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում աչքի է ընկել ընթերցանությամբ և բարձր մշակույթով, առանձնահատուկ սեր տածել  գրականության նկատմամբ: Իսկ գաղտնիք չէ, թե տպագիր մամուլն ինչպիսի քարոզչական մեծ դերակատարություն է ունեցել ընդհանուր նպատակների շուրջ` մարդկանց համախմբելու, նրանց ներուժն ամենատարբեր  ոլորտներում արդյունավետ օգտագործելու, երկիրը  կառուցելու և շենացնելու համար: Այդ տեսանկյունից նախանձախնդիր  առաքելություն է ստանձնել <<Ստեփանակերտ>> քաղաքային թերթը, որն իր գործունեության 20 տարիների ընթացքում նվաճել է ընթերցողների սերն ու վստահությունը, ձգտել միշտ մնալ բարի ու անաչառ, ազնիվ և շիտակ:

Թերթն, իրավամբ, դարձել է մեր քաղաքի  լուսավոր պատմության, հիմնարկ-ձեռնարկությունների կենսագործունեության արտացոլման հայելին, մեր փորձությունների և դժվարությունների յուրահատուկ վկայագիրը: Նրա էջերում պարբերաբար հրապարակվում են Ստեփանակերտի առօրյային, նրա պատմական անցյալին ու ներկային վերաբերող հարուստ նյութեր, զետեղվում բացառիկ  լուսանկարներ, որ սերնդափոխության, ժողովրդի  ավանդույթների և սովորությունների  ընդհանրական հատկանիշներն են խորհրդանշում: Մայրաքաղաքի զարկերակն է շոշափում  ընթերցողը  քաղաքային թերթում` փորձելով հանրությանն իրազեկ պահել  սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կյանքին, ու հնարավորության սահմաններում,  իր  աջակցությունը բերել առաջնահերթ  խնդիրների լուծմանը:

Սիրելի բարեկամներ

Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ <<Ստեփանակերտի>> 20-ամյա հոբելյանի առթիվ և  խմբագրության կոլեկտիվին մաղթում արգասաբեր աշխատանք, ստեղծագործական նորանոր հաջողություններ: