01.09.2017 ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԸ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՂՈՂԱՆՋԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ…
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ևս սեպտեմբերի 1-ին ղողանջել է 2016-2017թթ. ուստարվա առաջին զանգը: Գիտելիքի, գրի և դպրության օրը, բնականաբար, համընկել էր ԼՂՀ հռչակման տարեդարձի տոնակատարության հետ, և ավանդույթի համաձայն, բոլոր կրթօջախներում ուսումնականի մեկնարկը տրվեց <<Անկախության դասով>>, որը վարում էին ԱԺ նախագահը, պատգամավորներն ու կառավարության անդամները, ՊԲ գեներալներն ու բարձրաստիճան սպաները, Արցախյան ազատամարտի վետերանները, կրթության համակարգի պատասխանատուները: Հատկանշական է, որ պարապմունքներից առաջ կրթական բոլոր հաստատություններում էլ հնչել է Արցախի Հանրապետության օրհներգը: Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլորի ուշադրության կենտրոնում առաջին դասարանցիներն էին, որ առանձնակի հոգատարությամբ էին շրջապատվել ուսուցիչների և ծնողների, հարազատների կողմից: Առաջին զանգի հետ կապված հանդիսավոր արարողություններ են կազմակերպվել քաղաքի հանրակրթական բոլոր դպրոցներում, ուր տոնական խանդավառություն էր, և ուրախությունն ու հուզմունքը միահյուսվել էին իրար, ավելի ջերմացել մթնոլորտը: Ըստ քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, նոր ուսումնականում Ստեփանակերտում առաջին անգամ դպրոց ոտք է դրել ավելի քան 960 երեխա: Ընդորում, Խ.Աբովյանի և Ե.Չարենցի անվան դպրոցներում` համապատասխանաբար թվով 6 առաջին, իսկ 10-րդ դպրոցում` 5 առաջին դասարան կգործի` մեծաթիվ երեխաների ընդգրկմամբ: Նոր ուսումնականի պարապմունքները սկսվել են հիմնանորոգված կրթօջախներում: Ասել է թե` դպրոցաշինությունը շարունակում է առաջնահերթ մնալ նախանշված ծրագրերում, ինչը կենսական ու ռազմավարական նշանակություն ունի: Չէ որ այդ հաստատություններում Արցախի ապագան է դաստիարակվում` սերտելով ավագների պատգամները, և դպրոցն ավարտող աշակերտը վաղը ավագ սերնդի շարքերը համալրող մեր արհեստավարժ մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի շինացնեն ու զորացնեն երկիրը, դարձնեն ավելի ծաղկուն ու բարգավաճ: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |