31.08.2017   ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՊԱՀՈՎԵԼ ՈՒՍՄԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

2016-2017 ուս.տարվա արդյունքներն  ու մանկավարժական կոկեկտիվների անելիքներն են ամփոփվել օգոստոսի 30-ին  մայրաքաղաք Ստեփանակերտում ուսուցիչների հրավիրված խորհրդակցությունում և ուրվագծվել նոր ուսումնականի անելիքները, որտեղ զեկուցումով հանդես է եկել քաղաքապետարանի կրթության և սպորտի  բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

Անդրադառնալով մանկավարժական կոլեկտիվների հետ` բաժնի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքներին, Կ.Մարգարյանը նշեց, որ անցած ուսումնականում գլխավոր ուշադրությունը սևեռվել է սովորողների կրթության գործը պատշաճ կազմակերպմանը, մատաղ սերնդի և հայեցի դաստիարակության  գործընթացի կատարելագործմանը, դասի և ուսումնական պարապմունքների ժամանակակից ձևերի արդյունավետության բարձրացմանը`<<նպատակ հետապնդելով ինտեգրվել հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային նորմերին` կրթական համակարգի բարեփոխումների առանցքում ունենալով կրթության որակի, համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման, հաստատությունների նյութատեխնիկական բազան հարստացնելու և նոր տեխնոլոգիաների ներդրման քաղաքականությունը>>:

2016-2017 ուս.տարում մայրաքաղաքում գործել են հանրակրթություն իրականացնող 9 հիմնական, 1 միջնակարգ, 2 ավագ, 1 հատուկ/ֆիզմաթ/, 1 ռազմամարզական վարժարան, 1 մասնագիտական /պարարվեստի քոլեջ/ հաստատություններ` թվով 330 լրակազմ դասարանով, 7975 աշակերտի ընդգրկմամբ /նախկին 7788-ի փոխարեն/, ինչպես նաև թվթվ 6 նախադպրոցական հիմնարկ` 30 խմբով և 1312 երեխայի ընդգրկմամբ: Իր նպատակին է ծառայել մանկական ստեղծագործական կենտրոնը` 100 խմբով, 1225 երեխայի ընդգրկմամբ և քաղաքապետարանին կից մարզադպրոցը` 50 խմբով և 628 երեխայի ընդգրկմամբ: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև նախադպրոցական տարիքի երեխաները: Քաղաքի հանրակրթական դպրոցներում գործել է նախադպրոցական 31 խումբ, որից 8 խումբ, 242 երեխայի ընդգրկմամբ` 9-ժամյա մանկապարտեզային ռեժիմով և 23 խումբ, 692 երեխայի ընդգրկմամբ` 6-ժամյա  ռեժիմով:  Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 118 երեխաների ուսուցումը կազմակերպվել է անհատական ծրագրով:

Հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է  հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների թիվը, <<խտության թեթևացման նպատակով>>, Կ.Մարգարյանը ԿԳՍ նախարարին առաջարկեց մայրաքաղաքի հհ.1, 2, և 9 հիմնական դպրոցներից բացի ևս երկու  հաստատությունում նոր ուսումնականից իրականացնել ներառական կրթություն:

Ավարտական 9-րդ դասարանների 717 աշակերտից քննությունների  առաջին փուլի արդյունքներով  615-ին տրվել է 9-ամյա /հիմնական/ կրթության վկայական: 12-րդ դասարանի 366 աշակերտներից քննությունների առաջին փուլի արդյունքներով  միջնակարգ կրթության ատեստատ է տրվել 351 հոգու: Նա  ցավով նշեց, որ մեդալի հավակնորդ չի եղել:

Ուսումնական տարում օլիմպիադայի քաղաքային փուլին մանակցել է 535 աշակերտ, որից 97-ին իրավունք է վերապահվել մասնակցելու հանրապետական փուլին: Միաժամանակ  առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում հաղթած և դիպլոմների ու գովասանագրերի արժանացած 17 դպրոցականներ ԼՂՀ նախագահի կողմից արժանացել  են խրախուսանքի:Շոշափելի հաջողություններ են գրանցվել նաև <<Ուսումնական արջուկ>>, <<Կենգուրու>>  և <<Մեղու>> միջազգային մրցույթներում:

Ձեռքբերումների հետ միասին Կ.Մարգարյանը խոսել է բացթողումներից և թերություններից, անդրադարձել է չլուծված խնդիրներին, ուսման արդյունավետության բարձրացման վերբերյալ ներկայացրել է իր նկատառումները: Նա  համոզմունք է հայտնել, որ համակարգի աշխատողներին կհաջողվի համատեղ ուժերով հաղթահարել դժվարությունները և 2017-2018 ուս.տարում կյանքի կոչել  դպրոցի վերակառուցման ու կառավարման, ուսումնադաստիարակչական գործընթացի աստիճանական կատարելագործման հետ  կապված ծրագրերը, ապահովել ուսման բարձր որակ և կարգապահություն, զարգացնել լավագույն ավանդույթները:

Խորհրդակցության աշխատանքներին մասնակցում էին կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն