01.08.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԾՐԱԳՐԵՐՆ  ԵՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին և Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրերն են հստակեցվել օգոստոսի 1-ին ընդլայնված կազմով հրավիրված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Քաղաքապետարանի պատասխանատուներից բացի խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարներ, տոնական միջոցառումների համակարգման հանձնաժողովների անդամներ:

Կարևորելով  նախատեսվող տոնակատարությունների կազմակերպման քաղաքական ու պատմական նշանակությունը` անկախություն կերտող երկրի ու նրա մայրաքաղաք Ստեփանակերտի  տարեգրության էջերի հարստացման, ստեղծվող արժեքների պահպանման և հարստացման տեսանկյունից, Ս.Գրիգորյանը ներկաներին հորդորեց առավել մեծ պատասխանատվություն դրսևորել  հանձնարարված գործի նկատմամբ ու հանդես բերել անձնական ակտիվություն և նախաձեռնություն: Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին կոնկրետ հանձնարարություններ տվեց Ստեփանակերտի փողոցների ու հրապարակների, հուշահամալիրների, տեսարժան մյուս վայրերի բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ, ոլորտների պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց  տոնական ծրագրում ներառված միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:

Իսկ, ինչպես ԼՂՀ  հռչակման 26-րդ տարեդարձին, այնպես էլ` մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական ծրագրերը  հագեցած են լինելու տարաբնույթ մշակութային և մարզական միջոցառումներով, մրցույթներով և ցուցահանդեսներով: Ավանդույթի համաձայն, այս անգամ ևս տոնակատարությունները կմեկնարկեն  պարգևատրման արարողությամբ, կկազմակերպվի այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ուր կկատարվի ծաղկեպսակադրություն /կկազմակերպվի նաև ծաղկեպսակադրություն` անկախություն ձեռքբերման գործում նահատակված ազատամարտիկների շիրիմներին/: Ուշագրավ միջոցառումներ են նախատեսվում ուսումնական հաստատություններում` շարադրությունների և գրական-գեղարվեստական հանդեսների ձևաչափով անցկկացվեն ինտելեկտուալ խաղեր, համերգային ծրագրեր` քաղաքի տարբեր թաղամասերում:

Տոնակատարությունները կեզրափակվեն <<ավանդական>> հրավառությամբ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն