02.06.2017 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՊՕՐԻՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԸ
Հաշվի առնելով, որ տարվա այս ժամանակահատվածում առևտրի օբյեկտներից դուրս մրգերի ու բանջարեղենի վաճառքի բավականին մեծ աճ է նկատվում, Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի կողմից բացօթյա ապօրինի առևտրի արգելմանն ու կանխարգելմանն ուղղված շրջայցերը և ստուգայցերը պարբերական բնույթ են կրում: Մայրաքաղաքի Տիգրան Մեծ, Մ.Մաշտոց և Ադմ.Իսակով փողոցների որոշ հատվածներում, որտեղ հաճախ են խախտումներ արձանագրվում, ԱՀ ոստիկանության համապատասխան ծառայության հետ իրականացվել են համատեղ ստուգումներ, որի արդյունքում նշված փողոցներում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնողների քանակն անհամեմատ նվազել է: Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական ապրանքները ոչ սահմանված տեղերում վաճառելու համար, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով սահմանված է տուգանք` 15000-20000 ՀՀ դրամ գումարի չափով: Տարվա ընթացքում սահմանված կարգը խախտելու համար նշանակվում է տուգանք` արդեն 40000-50000 ՀՀ դրամ գումարի չափով: Կարևորելով տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածությունը` առևտրի և ծառայությունների ոլորտում առկա օրենսդրական պահանջներին և նորմերին, իրականացվող միջոցառումների ընթացքում, ինչպես առևտրի օբյեկտների սեփականատերերի, այնպես էլ վաճառողների հետ տարվում են բացատրական աշխատանքներ: Քաղաքապետարանի եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանի խոսքով, տարվող աշխատանքների նպատակն է պահպանել քաղաքի արտաքին գեղագիտական տեսքը, փողոցներում բացառել հակասանիտարական երևույթները, ինչպես նաև ապահովել անցորդների անխափան երթևեկությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |