01.06.2017 ՆՇՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
ԹՈՂ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆԻ ՏԱԿ ԱՆՑՆԻ ՆՐԱՆՑ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Որպես ավանդական տոն, Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության օրը նշվում է բազմապիսի հագեցած միջոցառումներով, ուրախ տրամադրությամբ: Ու, քանի որ այն զուգադիպում է ամռան առաջին օրվա հետ, բնականաբար բանուկ են դառնում զբոսայգիներ և պուրակներ, հրապարակներ, տեսարժան այլ վայրեր տանող ճամփաները: Նրան հնարավորություն է ընձեռնվում լիարժեք անցկացնելու հանգիստը: Արևի, շրջապատի, ջերմությունից կրկնապատկվում է երեխաների ուրախությունը, նրանց նկատմամբ ավելի է ընգծվում հարազատների և մտերիմների սերն ու գուրգուրանքը: Հատկանշական է և այն ուշադրությունը, որ իշխանությունների կողմից դրսևորվում է երեխաների հանդեպ` բարեմաղթանքների և նվերների տեսքով: Տոնի կապակցությամբ մինչևիսկ Արցախի նախագահն է նրանց շնորհավորել և անհոգ մանկություն ու երջանկություն մաղթել: Չէ որ մանուկներն են երկրի ապագան, հարստությունը, և պետությունը շահագրգռված է, որպեսզի խաղաղ ու առողջ մեծանան, ստանան հայեցի կրթություն և դաստիարակություն, ապահովվի նրանց անվտանգությունը: Այդ գաղափարի իրականացմանն են միտված ուսումնական հաստատությունների և նախադպրոցական հիմնարկների ցանցի ընդլայնմանը միտված ձեռնարկումները, որոնք երեխաներին հնարավորություն են ընձեռնում դրսևորելու իրենց ընդունակություններն ու կարողությունները, ստանալու կայուն գիտելիքներ: Վերջին տարիներին կառավարության և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների միջոցներով հանրապետության բնակավայրերում տասնյակ նորակառույց հանրակրթական ու արվեստի դպրոցներ ու մանկապարտեզներ, խաղահրապարակներ ու զբոսայգիներ են կառուցվել, ու երեխաները լիարժեք պարապվում և հանգստանում են, ուսումը զուգորդում հետաքրքիր ժամանցի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի համոզմամբ <<Երեխաներին նվիրվելն ու ծառայելը յուրաքանչյուր գիտակից մարդու կյանքի նպատակը պիտի համարվի: Որպես կրթական համակարգի աշխատող, այդ տեսակետից ավելի է մեծանում մեր պատասխանատվությունը: Եվ կարծում եմ, որ ոչ միայն այսօր այլև օրացուցային յուրաքանչյուր օր մեզ պարտավորեցնում է մշտապես պատշաճ հոգ տանել նրանց նկատմամբ: Մանավանդ, որ պատերազմող, չճանաչված երկրի կարգավիճակ ունենալու հանգամանքը նորանոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեզ, և ժամանակը <<հորդորում է>> մշտապես զգոն լինել և ճիշտ վճիռներ կայացնել: Առիթից օգտվելով շնորհավորում եմ հիշարժան իրադարձության առիթով, թող կապույտ երկնքի տակ, խաղաղությամբ անցնեն նրանց յուրաքանչյուր օրը, լինի իմաստալից, հագեցած և զրնգուն >>, ասում է նա: Երեկ տոնի կապակցությամբ հանրապետության բնակավայրերում ուրախ հանդեսներ ու համերգներ են կազմակերպվել երեխաների մասնակցությամբ, արժևորվել է նրանց դերը հասարակության մեջ և հնչեցվել են սրտաբուխ շնորհավորանքներ: Այդ միջոցառումներից անմասն չեն մնացել և ստեփանակերտցիները: Մայրաքաղաքի պատկերասրահում բացվել է դպրոցականների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ուր ներկայացվել են տաղանդավոր երեխաների ձեռքով պատրաստված հուշանվերներն ու կենցաղային իրերը, կախարդիչ գույներով վրձնաներկված կտավները: Մարդաշատ են եղել և քաղաքի պուրակներն ու զբոսայգիները, ուր հնչել են մանուկների զվարթ կատարումները: Հունիսի 1-ին, օրվա գլխավոր հավաքատեղն դարձել էր Ստ.Շահումյանի անվան օղակաձև պուրակը, ուր կենսախինդ շատրվանների ուղեկցությամբ քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության բաժինը տոնական համերգ էր կազմակերպել` ներգրավելով արվեստի դպրոցի և մանկապարտեզների շնորհաշատ երեխաներին: Ծնողների, տատիկների ու պապիկների, ուսուցիչների ներկայությունից նրանց ոգևորությունն ավելի էր կրկնապատկվել, և ուրախ երգերով ու պարերով, գեղեցիկ արտասանություններով երեխաները նվաճեցին հանդիսատեսների սրտերը` արժանանալով ջերմ ծափերի: Վերջում փոքրիկներին հաճելի անակնկալներ էր սպասվում: Համերգի բոլոր մասնակիցները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին նվերներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |