26.05.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2016-2017 ՈՒՍ.ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի շրջանավարտներ

Ջերմորեն շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:

Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախներին, ձեր սիրելի ուսուցիչներին: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի սպաս դնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավազմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:

Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանաք կատարելագործել, հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:

Ուսումնառության մի նոր փուլ է սկսվում ձեզ համար: Ոմանք կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու, այսօր առավել պահանջված արհեստ սովորելու ընտրության առաջ: Մյուսները հրաժեշտ են տալիս կրթօջախին` բուհերում քննության բռնելու և ուսանողի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները և պարտավորված եք անպայմանորեն արդարացնել նրանց ակնկալիքները:

Սիրելի շրջանավարտներ

Վերջին զանգի առիթով մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:

Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները:

 

ք.Ստեփանակերտ

26-ին մայիսի, 2017թ.