17.05.2017   ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ` ՆՐԱ ԱՊՐԱԾ ՏԱՆ ՃԱԿԱՏԻՆ

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԿՏԱԿԵԼՈՎ  ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ

 

Ճարտարապետ Յուրի Հակոբյանը  մեկն էր արցախցի այն  մտավորականներից, ով մտահոգ լինելով հինավուրց լեռնաշխարհի ու մասնավորապես նրա վարչական  կենտրոն Ստեփանակերտի ճակատագրով, փորձում էր  ճարտարապետական ուշագրավ լուծումներով ու ազգանպաստ ձեռնարկումներով անխաթար պահել քաղաքի դիմագիծը: Պատահական չէ, որ նրա կողմից գրեթե կես դար առաջ իրագործված նախագծերից շատերը   /Ստեփանակերտի Հուշահամալիրը, Ն.Ստեփանյանի և Ս.Շահումյանի անվան պուրակները, <<Մենք ենք, մեր սարերը>> մոնումենտալ քանդակը, մի շարք հուշարձաններ և հուշաղբյուրներ/ աչքի են ընկնում ազգային ընդգծված կոլորիտով և հնչեղությամբ: Առանձնահատուկ տեղ գրավելով մայրաքաղաքի ներկապնակում, այսօր էլ այդ կառույցները   հմայք են հաղորդում փողոցներին,  պուրակներին և զբոսայգիներին:

Դրանք, անշուշտ,  քաղաքի պատմության անբաժան  մասնիկն են կազմում, որոնցով հպարտանում են ստեփանակերտցիները և, բնականաբար, սերունդներն  արժանին պիտի մատուցեն երջանկահիշատակ ճարտարապետին: Ասվածի ապացույցը` մայիսի 17-ին   Յուրի Հակոբյանի հարթաքանդակի հանդիսավոր բացումն էր: Հարթաքանդակ, որ հավերժելու է իր ապրած տան ճակատին` որպես  սիրո, խոր հարգանքի և գնահատանքի խորհրդանիշ: Նման որոշում Ստեփանակերտի քաղաքապետարանը կայացրել է` հաշվի առնելով տաղանդավոր ճարտարապետի ու բազմավաստակ շինարարի մատուցած ծառայությունները սիրելի քաղաքին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին պետական այրեր, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Յու.Հակոբյանի ընկերներն ու հարազատները:

<<Այսօր  մենք այստեղ ենք հիշարժան իրադարձության`  ճարտարապետ Յուրի Հակոբյանի հարթաքանդակի հանդիսավոր բացման առիթով,- իր ելույթում նշեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: -Հավաքվել ենք մեր հարգանքն ու խոնարհումը բերելու  այն  պայծառ մարդու և մտավորականի հիշատակին, ում ապրած կյանքն ու գործունեությունն ուղղված են եղել Արցախ աշխարհի, սիրելի Ստեփանակերտի մշակութային արժեքների,  նրա ճարտարապետական դիմագծի պահպանմանը, լավագույն ավանդույթների զարգացմանը: Նման  միջոցառումներն, իմ խորին համոզմամբ, լավ առիթ են վերարժևորելու հայրենիքի արժանավոր զավակների տարիների վաստակը, ովքեր իրենց ինքնատիպ ձեռագրով, ազգանպաստ գործունեությամբ անջնջելի հետք են թողել Արցախի, նրա մայրաքաղաքի պատմության տարեգրության էջերում` սերունդներին կտակելով մնայուն գործեր և հիշողություններ>>:

Անվանի ճարտարապետի վաստակն իրենց ելույթներում  արժևորեցին և նրա մասին ուշագրավ  դրվագներ հիշեցին Արցախի պետհամալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Ռուդոլֆ Իսրայելյանը, հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ, հարթաքանդակի հեղինակ Ալբերտ Հարությունյանը, բանաստեղծ  Սոկրատ Խանյանը  և ուրիշներ:

Հարթաքանդակի բացման պատիվը տրվեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և ճարտարապետի որդուն` Միքայել Հակոբյանին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն