06.05.2017   ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով հետաքրքիր խորհուրդ է իր մեջ պարունակում Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որն 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց խորհրդային երկրի տարած հաղթանակով:

Մեր ժողովուրդը, երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար: Մայիսյան եռատոնի` Մեծ հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձերի կապակցությամբ, այս օրերին բազմաթիվ ուշագրավ միջոցառումներ են կազմակերպվում պատերազմների վետերանների պատվին: Մեծարվում, ուշադրության են արժանանում ավագ և երիտասարդ  սերնդի ներկայացուցիչները:

Մեծարման յուրահատուկ միջոցառում կարելի է դիտարկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից մայիսի 6-ին Մեծ հայրենականի և արցախյան ազատամարտի վետերանների, Ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցների հյուրընկալումը քաղաքապետարանում, որին ներկա էին նաև փոխքաղաքապետերն ու այլ պատասխանատուներ: Քաղաքապետը շնորհավորելով հյուրերին` հիշարժան իրադարձության կապակցությամբ ու բարձր գնահատելով նրանց ավանդը` հայրենիքի ազատագրման գործում, հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց մայիսյան հաղթանակների միջև:

<<Մենք գտնվում ենք մեր ժողովրդի համար թանկ ու հիշարժան իրադարձության նախաշեմին: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձը: Տոն, որ առանձնահատուկ նշանակություն ունի արցախցիներիս համար և առիթ է ընձեռնում մեզ տարիների հեռվից վերստին վերարժևորել մեր պապերի ու հայրերի անցած մարտական փառավոր ուղին և անկեղծորեն հպարտանալ նրանց խիզախությամբ: Մեծ հայրենականի տարիներին մեր ժողովրդի գործած քաջագործություններն ավելի մոտեցրին մայիսի 9-ի բաղձալի հաղթանակը: Դրանում իրենց պատվաբեր մասնաբաժինն ունեցան արցախցիները, որոնց ներկայացուցիչներին այսօր պատիվ ունենք հյուրընկալելու քաղաքապետարանում, - նշեց քաղաքապետը: - Հատկանշական է, որ տարիներ անց, սերտելով հայրերից ժառանգած դասերը, արցախյան գոյամարտի ժամանակ պատվով քննության բռնեցին նրանց զավակները` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով հայոց բերդաքաղաք Շուշին, մեր ինքնապաշտպանական ջոկատները հետագա հաղթանակների սիզբը դրեցին` հերոսական մի նոր պայծառ էջ ավելացնելով արցախյան ազատամարտի տարեգրության մեջ>>:

Անդրադառնալով ապրիլյան ողբերգական իրադարձություններին, Ս.Գրիգորյանը նշեց, որ պատերազմի դժնդակ օրերին մեր ժողովուրդը միասնությամբ վերստին ապացուցեց Հայրենիքի, Արցախի սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, մեր արդար պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու վճռականությունը: <<Հայաստանից և արտերկրից բազմաթիվ կամավորական ջոկատներ ժամանեցին Արցախ ու հայտնվեցին մարտական դիրքերում, կանգնեցին երիտասարդ զինվորի կողքին` ոգեշնչելով և նորանոր խիզարկումների մղելով նրանց: Մեր ստորաբաժանումներն անցնելով հակագրոհի, մեծ կորուստներ հասցրին թշնամուն և ստիպեցին նրան պահանջել ելման դիրքեր, - ասաց նա: - Ցավոք, դաժան օրհասական մարտերում, անդառնալի զոհեր ունեցանք: Երկրի սահմանները պաշտպանելից քաջաբար նահատակվեցին մեր հայորդիները: 18-20 տարեկան հայ զինվորները, մեր կորյուն տղաները չզիջելով դիրքերը, կռվեցին մինչև վերջ` չխնայելով իրենց կյանքը: Փառք ու պատիվ հերոս զավակներ ծնած մեր մայրերին>>:

Դիմելով հյուրերին քաղաքապետն այնուհետև ասաց. <<Սիրելի վետերաններ: Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր վաստակն ու ներդրումը` հայրենիքի ազատագրման գործում և այն համոզմունքն ունենք, որ ձեր օրինակով դեռ շատ ու շատ սերունդներ են դաստիարակվելու>>:

Հանդիպմանն իրենց վաստակը բարձր գնահատելու և արժևորելու համար հյուրերի անունից շնորհակալական խոսք ասացին ԼՂՀ Աշխատանքի և պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, Մեծ հայրենականի մասնակիցներ Հմայակ Հարությունյանը, Մուշեղ Նասիբյանը, արցախյան ազատամարտի վետերաններ, Արցախյան ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ Հրաչիկ Նասիբյանը և ուրիշներ: Հյուրերի եռատոնի կապակցությամբ հյուրերին ողջունեցին նաև քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ու քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանը:

Մայիսյան խորհրդանշական տոների կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հուշանվերներ հանձնեց հյուրերին:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն