02.05.2017   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՏԵՍԱԿՑԵԼՈՒ ԵՆ ԵԿԵԼ ԾՆՈՂՆԵՐԸ…

Արցախում իրենց զինվորական առաքելությունն իրականացնող զավակներին տեսակցելու նպատակով մայիսյան եռատոնի նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ ծնողների և հարազատների հերթական մեծաթիվ խմբերն այցելեցին Ստեփանակերտ:

Պատվիրակության շուրջ 400 անդամներին մայրաքաղաք Երևանից հանդիսավորությամբ  ճանապարհել և զինվոր տղաներին անփորձանք, խաղաղ ծառայություն  են մաղթել քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ավտոմեքենաների շարասյանն ուղեկցել են ոստիկանության աշխատակիցները:

Երևանից ժամանած հյուրերին ավանդական աղուհացով, զուռնա-դհոլով են դինավորել Ստեփանակերտում տեղակայված սպարապետ  Վազգեն Սարգսյանի անունը կրող զինվորական զորամասում: ՊԲ բարձրաստիճան  սպաների և զորամասի հրամանատարության հետ այստեղ էին նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը: Երևանի իրենց պաշտոնակիցների` քաղաքապետարանի սոցիալական  ապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանի, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, <<Երքաղլույս>> ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Գաբրիելյանի հետ ծաղիկներ տեղադրեցին Արցախի հերոսի հուշարձանին:

Բանակ-հասարակության կապի ամրապնդմանն էր միտված զորամասում կազմակերպված միջոցառումը, զինվորներին ուղղված բարեմաղթանքի խոսքերով և պատգամներով դիմեցին Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ՊԲ ներկայացուցիչներ, ծնողներ: Միջոցառման կազմակերպիչներին իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին զինծառայողները` խոստանալով հավատարիմ մնալ պապերի և հայրերի հարուստ ավանդույթներին, պատվով ծառայել հայրենիքին: Ջերմ և սրտառուչ մթնոլորտում ծնողները հնարավորություն ունեցան անկաշկանդ շփվել զինվորների հետ և ծանոթանալ նրանց զինվորական առօրյային:

Հանդիպումը եզրափակվեց Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական համույթի համերգային ծրագրով: Միասնական շուրջպարին, բնականաբար, իրենց մասնակցությունը բերեցին նաև զինվորները, ծնողներն ու հարազատները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն