22.04.2017 ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ` ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԲՈՂՋ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
Ապրիլի 22-ին քաղաքապետարանի կողմից հայտարարված կանաչապատման, սանիտարական մաքրության և բարեկարգման շաբաթօրյակը կազմակերպված ու տոնական տրամադրությամբ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտում: Միջոցառման մասնակիցներին ոգևորել էր ինչպես արևոտ, պայծառ եղանակը, այնպես էլ` թաղամասերում հնչեցվող զվարթ երգն ու երաժշտությունը: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ համաքաղաքային միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկությունները, դպրոցներն ու ուսումնական մյուս հաստատությունները, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունները: Համայնքն ընդգրկող գրեթե բոլոր թաղամասերում իրականացվել են սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման արդյունավետ աշխատանքներ: Լվացվել են հուշարձանները, հրապարակներն ու փողոցները, խնամքով մշակվել պուրակներն ու սիզամարգերը` նախապատրաստվել ծաղիկների սածիլմանը: Քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի խոսքով, Ստեփանակերտի թաղամասերում`ճամփեզրերին, բազմաբնակարան շենքերի բակերում, դպրոցների, նախադպրոցական հիմնարկների բակերում և զբոսայգիներում, ընդհանուր առմամբ ավելի քան 500 եղևնիներ, հացենիներ ու լորենիներ, ինչպես նաև` հարյուրավոր թփեր են տնկվել: Ըստ որում, ծառատունկին մասնակցել են մեծ ու փոքրով` պետական այրերից մինչև դպրոցահասակ երեխաները: Հենց աշակերտներն էլ ստանձնել են նորատունկ շիվերի խնամքը: <<Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ համագործակցության շրջանակներում <<բարեգործական խողովակներով>> կանաչապատմանը նպաստում են տարբեր կազմակերպություններ: Դրա ականատեսը եղանք մայրաքաղաքի հ.5 հիմնական դպրոցում, ուր աշակերտներն ուսուցիչների մասնակցությամբ կրթօջախի տարածքում հողին էին պահ տալիս տարբեր տեսակի 350-ից ավելի ծառերի և թփերի մատաղ շիվերը, որ որպես նվեր, Հայաստանից ուղարկել էր <<Էյ-Թի-Փի>> բարեգործա կան հիմնադրամի տնօրեն Լուսինե Կարսաջյանը,- ասում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը: -Եվ կարծ0ում ենք, երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի երեխաների հոգատար խնամքի ներքո նրանք արագ հարմարվեն արցախյան մեղմ կլիմային, հասակ առնեն և բուրեն>>… Եթե կանաչապատման աշխատանքներում առանձնապես աչքի են ընկել <<Ստեփանակերտի բուսաբանական այգու>> կոլեկտիվը և մայրաքաղաքի դպրոցները, ապա սանիտարական մաքրման գլխավոր պատասխանատուն հանդիսացել է <<Սանմաքրում>> ընկերությունը, ում և բնակշահագործման տնտեսության աշխատակիցների շնորհիվ էլ ավելի գեղեցիկ տեսք է ստացել սիրելի քաղաքը: Սանմաքրման են ենթարկվել բակերն ու հրապարակները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու նկուղները, հովանոցները, հասարակական վայրերը: Շաբաթօրյակին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև <<Ջրմուղ-կոյուղի>> տնտեսության կոլեկտիվը: Ծառատունկից բացի, հիմնարկությանը պատկանող ֆիլտրկայաններում և այլ օբյեկտներում իրականացվում են սանմաքրման և ախտահանման մեծածավալ աշխատանքներ: Կանցնեն օրեր, և մայիսյան եռատոնի նախաշեմին մայրաքաղաքում ամենուր աչք կշոյեն մաքուր և բարեկարգ փողոցները, կանաչ տարածքները, ծաղկուն և հրապուրիչ սիզամարգերն ու պուրակները, ամենատարբեր վայրերում տեղադրված ծաղկազամբյուղները` իրենց վրա հրավիրելով անցորդների պրպտող հայացքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |