19.04.2017   ՇԱԲԱԹՕՐՅԱԿ` ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

 

Մայիսյան եռատոնի նախապատրաստման, ինչպես նաև մայրաքաղաքում` ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակում, ապրիլի 22-ին համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելու վերաբերյալ հարցերն են քննարկվել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, ներկա էին նաև Ստեփանակերտի կենսապահովման ոլորտի մի շարք հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Քաղաքապետն անդրադառնալով հիշյալ տոնակատարությունների քաղաքական նշանակությանը, ընդգծեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն իրադարձություններին բազմակողմանիորեն, պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և մայիսյան տոներն արժանապատվորեն նշելու համար:

Ներկաների ուշադրությունը նա մասնավորապես հրավիրեց մայրաքաղաքի բարեկարգման և տոնական ձևավորման, ծրագրվող  մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին` համապատասխան կառույցների ղեկավարներին տալով կոնկրետ հանձնարարություններ: Հանդիպմանը շահագրգիռ քննարկումներ եղան նաև ծառատնկման և կանաչապատման, սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետ իրականացման շուրջ, հնչեցին մի շարք  առաջարկություններ:

Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն