24.03.2017 ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Ստեփանակերտի ու Երևանի վարչական շրջանների միջև համագործակցությունը հետզհետե խորանում, ավելի է ամրապնդվում: Դրան մեծապես նպաստում են փոխայցելությունները, որոնց ընթացքում քննարկվում, հստակեցվում են տարբեր ոլորտներում ձեռնարկվելիք քայլերը, կարևորվում առաջնահերթությունները: Փոխգործակցության շրջանակում գործընկերների աշխատանքի փորձն ուսումնասիրելու և աջակցելու նպատակ էր հետապնդում մարտի 24-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակության այցը Ստեփանակերտ` շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սիմա Բաղդասարյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամներին հյուընկալել և նրանց առաքելությունը բարձր է գնահատել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա համոզմունք է հայտնել, որ համանուն երկու կառույցների միջև համագործակցությունը գոհացուցիչ արդյունքներ կտա և գործընկերային հարաբերություններն ավելի կսերտանան, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում կհամատեղվեն ուժերը, հագեցած և նորանոր ծրագրեր կիրականացվեն: Հանդիպմանը, ուր քննարկվել են փոխգործակցության խորացմանը միտված հարցեր, ներկա են գտնվել առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը և սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանը: Այցի շրջանակում հյուրերը եղել են մայրաքաղաքի գիշերօթիկ դպրոցում և N5 մանկապարտեզում, ծանոթացել հաստատությունների պայմաններին, հետաքրքրվել երեխաների առօրյայով, նրանց բաժանել խաղալիքներ և հուշանվերներ, քացրավենիք:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |