23.03.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

 

Մարտի 23-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ  կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Օրակարգում ներառված մեկ տասնյակ հարցերի ճնշող մասը վերաբերվում էր համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների` նվիրատվության կարգով օտարմանը, և ոչ բնակելի տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելուն:

Նիստում ավագանին մասնավորապես իր համաձայնությունը տվեց  Վ.Սարգսյան փողոցի N25 շենքի երրորդ հարկից 10.53 քառ.մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը, վարձակալության իրավունքով գրասենյակ օգտագործելու համար <<Բուրգ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելուն: Մեկ այլ որոշմամբ, դարձյալ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով, նույն շենքի առաջին հարկից 59.17 քառ.մետր տարածք հատկացվեց  <<Արամարտ>> ընկերությանը: Ավագանու կողմից հավանության արժանացավ և  հիշյալ շենքի երրորդ հարկից 15.78 քառ.մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությանը տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ավագանին թույլատրեց  Հեքիմյան  փողոցի N2գ շենքի առաջին հարկից 20.87 քառ.մետր  մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով /գրասենյակ օգտագործելու նպատակով/ տրամադրել քաղաքացի Գ.Դադայանին: Նիստում որոշվեց նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Վ.Սարգսյան փողոցի N25 շենքի 2-րդ հարկից 31.82 քառ.մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Հայ ընտանիք>> մշակութա-լուսավորչական հասարակական կազմակերպությանը:

Նիստում, քաղաքապետ Ս.Գրիգորյանը քաղաքային համայնքի ավագանու անդամների   կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով: Նա նշեց, որ մայրաքաղաքի կենսական ապահովմանը վերաբերող ծրագրերը կիրականացվեն առաջնահերթության սկզբունքով: Քաղաքապետն անդրադարձավ ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակում` մայրաքաղաքում ծրագրվող աշխատանքներին, ինչպես նաև Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ուրվագծվող ծրագրի մանրամասներին:

Ավագանու նիստում` Ստեփանակերտում բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն