07.03.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր

Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ` կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Հատկանշական է, որ տոնը զուգադիպում է գարնան զարթոնքի հետ և հնարավորություն ընձեռնում ևս մեկ անգամ արժևորել ու գնահատել ձեր վաստակը, նվիրումն ու մարդկային բարությունը, հոգու վեհությունն ու գեղեցկությունը: Պատահական չէ, որ այն, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով են վերաբերվում այդ երևույթին:

Անգնահատելի է Ձեր դերը երկրի համար ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած սերունդ դաստիարակելու գործում: Ձեր անսահման սիրո ու քնքշանքի, անսասան կամքի ու զորեղ հավատքի շնորհիվ էր նաև, որ արցախյան շարժման տարիներին համախմբվեցինք ու հետևողականորեն շարունակեցինք մեր պայքարը: Մեր ժողովրդի համար օրհասական պահերին միասնության կոչով մարտի նետվեց Ձեր կողմից սնած ու դաստիարակված հայ զինվորը, ու դաժան պատերազմում ծնկի բերելով թշնամուն, աշխարհին ապացուցեցինք Արցախի անպարտելիությունն ու հավերժությունը: Ապրիլյան ողբերգական իրադարձությունները ևս մի նոր փորձաքար հանդիսացան մեր ժողովրդի համար: Հանուն հայրենիքի անվտանգության` վերստին կուռ միասնություն դարձան ու համախմբվեցին Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: Եվ թշնամին արժանի հակահարված ստացավ ու ետ շպրտվեց ելման դիրքեր: Մեր մայրերի, կանանց օրհնանքը զորավիգ եղավ հայ զինվորին` դրսևորելու իր քաջությունն ու անպարտելիությունը, կրկնելու ավագների սխրանքը:

Այսօր էլ դուք ձեր ուսերին մեծ բեռ եք կրում` տղամարդկանց հետ հավասարապես մասնակցելով պատերազմի հետևանքով տուժած տնտեսության վերականգնմանը, մայրաքաղաքի կենսական խնդիրների լուծմանը: Ակտիվորեն ներգրավվելով խաղաղ շինարարությանը, անում եք հնարավորը մեր քաղաքն առավել գեղեցիկ դարձնելու, հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Հատկապես անուրանալի է սոցիալական ոլորտում, կրթության և մշակույթի, առողջապահության բնագավառներում կատարած Ձեր բոլորանվեր աշխատանքը, որն ուղղված է մատաղ սերնդի կրթմանն ու դաստիարակմանը, բնակչության առողջության պահպանմանն ու հոգևոր արժեքների կերտմանը: Քաղաքային իշխանություններն այսուհետև ևս ամեն ինչ կանեն կանանց հոգսերը թեթևացնելու, զբաղվածության խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու համար, լայնորեն կաջակցեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Թանկանգին կանայք

Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղություն ու երջանկություն: Սեր, համերաշխություն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին: